Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի
Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նիստերի օրակարգը, որում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Հաջորդիվ խորհրդարանը սկսել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկումը:
«Այս հաշվետվության քննարկումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկայացվում է Կառավարության հնգամյա գործունեության ամփոփիչ փուլում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն գնահատելու եւ արժեւորելու վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետեւողական աշխատանքը, այլեւ համակարգված կերպով արձանագրելու գրանցված արդյունքներն ու ձեռքբերումները, զարգացմանը միտված քաղաքականությունների արդյունավետությունը եւ դրանց ներդրման արդյունքում ձեւավորված ինստիտուցիոնալ կարողություններն ու բարեկեցության կայուն հիմքերը»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարողականը:
Ըստ նախարարի՝ հեղափոխությունից հետո, եւ հատկապես 2021-2026 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջընթացը տպավորիչ է եւ նշանակալի: «2025 թվականին ունեցել ենք 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին արձանագրվել է միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ: Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կնկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի»,- շեշտել է զեկուցողը:
Տնտեսական աճին զուգընթաց զգալի փոփոխություններ են կատարվել նաեւ տնտեսության կառուցվածքում: Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7 տոկոսային կետով: 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է ՀՆԱ-ում շուրջ 21 տոկոսի՝ 2021 թվականի համեմատ բարձրանալով 8,2 տոկոսային կետով:
Նախարարի խոսքով 2025 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են շուրջ 145 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ հասնելով ՀՆԱ-ում 6,2 տոկոսի, իսկ 2021 թվականի համեմատ էլ ավելացել են ավելի քան 3,2 անգամ:
«Կապիտալ ծախսերի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը, այլ հակառակը՝ նվազել է՝ 2021 թվականի 25,9 տոկոս մակարդակից հասնելով 23 տոկոսի: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային եւ ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար»,- պարզաբանել է Վահե Հովհաննիսյանը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի դեֆիցիտը պահպանվել է միջինում 3,2 տոկոս մակարդակում, իսկ եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը՝ 2 տրիլիոն 725 մլրդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 334 մլրդ դրամով:
Նախարարը մանրամասն ներկայացրել է արձանագրված ցուցանիշներն ու ձեռքբերումները, պատասխանել պատգամավորների հարցերին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 2025 թվականի պետական բյուջեով կատարված կապիտալ ներդրումներին՝ որպես կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման էական գործոնի: Նա նշել է, որ կապիտալ ծախսերի ավելացումը ինչպես նաեւ կատարվող ներդրումների որակի ու արդյունավետության բարձրացումը շարունակել են մնալ Կառավարության առաջնահերթությունների թվում նաեւ 2025 թվականին: Հաշվետու տարում կապիտալ ծախսերը զգալիորեն աճել են՝ կազմելով 702,5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26 տոկոսով: Շարունակել են էականորեն աճել տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ներդրումները, որոնք 2025 թվականին կազմել են 283,5 միլիարդ դրամ՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58 միլիարդ դրամով:
Տիգրան Խաչատրյանը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական եւ սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
Փոխվարչապետն իր ելույթը եզրափակել է արդյունավետ հանրային կառավարման համակարգի կայացմանն ուղղված այն գործընթացներով, որոնք իրականացվել են 2025 թվականի ընթացքում եւ առաջիկա տարիներին էական ազդեցություն կունենան հանրային կառավարման ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում:
Այնուհետեւ իր ղեկավարած գերատեսչության ծախսային ծրագրերն ու միջոցառումները ներկայացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որից հետո հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները մանրամասնել են ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:



