Կեղծ ընկերությունն է ստացել հայկական ծաղիկը, հիմա բացահայտվել է. ՍԱՏՄ ղեկավարը նշեց՝ որն է ելքը
Ծաղիկներ ներմուծող կողմը, տվյալ դեպքում Ռուսաստանը, հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք որ ներկրվում է իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան . սա նորմալ պահանջ է եւ նորմալ է ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ ջերմոցատերերը չեն կարողանում ռուսաստան արտահանել իրենց աճեցրած ծաղիկը եւ հսկայական կորուստներ են կրում։
«Պայմանները բոլորի համար նույնն է, հիմա մենք ունենք ռուսական շուկա, ուզում ենք արտահանել ռուսական շուկա, որը մեր արտադրողների համար միգուցե ավելի նպատակահարմար է։ Բայց կան բազմակի խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Դա կապված է հիվանդությունների հետ, վնասատուների հետ։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո ստուգում անցնելուց հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է, նորմալ պայման է»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ 15 տարի որեւէ խնդիր չի եղել, հիմա նոր խնդիրներ են առաջացել, ՍԱՏՄ ղեկավարը պատասխանեց. «Դա կարող էր լինել 10 ամիս առաջ, կամ 10 ամիս հետո։ Անհայտ ծագման ֆիրմաների վրա մեր հայկական արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Մի օր ընդունող կողմը ասաց՝ ինչքա՞ն պետք է այսպես լինի, բավարար է։ Այսինքն մենք արտահանում ենք մի X կազմակերպության վրա ապրանք, որը իրականում տեղյակ չի, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, դուք այսքան ապրանք եք ստացել։ Այդ մարդը հաղորդում է տալիս, ասում է՝ ես բացառապես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ։
Այդ պատմությունը միակը չի, մենք ունենք բազմաթիվ նման նամակներ, 78 կազմակերպությունների արգելվել էր ֆիտոսանիտարական սերտիֆիկատները տալ։ Այդ 78 անունները, եթե ես չեմ սխալվում, մեր կայքում կար, հրապարակված էր ու վերաբերվում էր հենց նմանատիպ դեպքերի»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է պետությունն աջակցելու մարդկանց, որոնք վարկ են վերցրել, տուժել են և հիմա չեն կարողանում իրենց ծաղիկը արտահանել, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Վարկը վերցրել են, որ արտադրեն ապրանք, որը համապատասխան է միջազգային շուկային։ Եթե հիմա մենք արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման համար, ոչ ոք չի կարող գնալ այդ շուկային ստիպել, ասել՝ ոչ, դու պետք է ընդունես այս բռակ կամ հիվանդ ապրանքը։
Մենք լուծումը արդեն ասել ենք ժողովրդին՝ բոլորը պետք է գնան, իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ իրականացնեն»։
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով, ոչ մի պետական կառույց պարտավոր չէր իմանալ այդ մասին, բայց երբ որ նամակը ստացել են այդ 78 կազմակերպությունների ցանկով, դրանից հետո իրենց կողմից ճիշտ չէր լինիիմանալով դրա մասին, գնալ, մտնել զեղծարարության մեջ։
«Այդ ընկերությունները բացառապես տեղյակ էլ չէին, որ իրենք նմանատիպ ապրանքներ են ստանում։
Սխեման հետևյալն է, հայկական կողմը արտադրում է ապրանք, վաճառում է ռուսական կողմի որևէ կազմակերպության, այդ կազմակերպության տվյալները ուղղակի վերցնում են, ձևակերպում են։ Մենք դա չենք կարող վերահսկել, այդ կազմակերպությունը կա, նավթ է վերամշակում, թե՞ իրականում ենթադրենք ծիրանի վաճառքով է զբաղված։ Իրենք գնում են այնտեղ, 180 օր հետո իրենց մոտ առաջանում է հարկային պարտավորություն, որ իրենք պետք է գնան ՌԴ տարածքում անեն ներմուծված ապրանքի վճարումները։ Ոչ մեկ չի գնում, չի անում, ռուսական կողմին դա դարձել է մտահոգություն, թե ինչքան պետք է այդ ամեն ինչը շարունակվի։
Երբ որ գալիս է սահմանն անցնելու, նախնական զննում է անցնում, հետո արդեն պետք է գնան վերջնական կետ, ներկայացնեն բուսասանիտարական սերտիֆիկատը, որ մենք եկել ենք արդեն ստացման վայր, ստացել ենք մեր ապրանքը, հսկողություն անցկացնեն ու վերջնական ելքի կնիքը դրվի, այդ մարդիկ դա չեն արել տարիներ շարունակ։ Իրենք էլ դա գիտեն։ Հիմա ասում են՝ հետայսու պատրաստ ենք անելու, աշխատենք այդ մեխանիզմով»։
X ընկերությունը ուղղակի հնարված կամ ինտերնետից վերցված կազմակերպության անուն է։ Հայաստանը դրանից չի տուժել, տուժել է ստացող կողմը, քանի որ հարկերից խուսափել են։ Հայ արտադրողները այդ խնդրից տեղյակ են, ընդունող կողմը հարկերը չի վճարել»։
Տիգրան Պետրոսյանը փորձեց բացատրել ավելի պարզ. ինչ–որ մեկը ՌԴ–ում ընկերություն է բացում, հաջորդ օրը փակում է, բայց կնիքը մնում է իր ձեռքում։ Այդ կնիքով նա Հայաստանից ընդունում է ծաղիկներ։ Դա բացահայտվում է տարիներ անց, երբ պատկան մարմինները տեսնում են, որ պարբերաբար ծաղիկ է ներմուծվում ու դրա հետքերը կորում են։
Խոսելով ելքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց. «Հիմա անցնենք ելքին, այսօր «Ռոսսելխոզնադզորն» էլ հայտարարություն հրապարակեց, ամենօրյա ռեժիմով մենք իրենց հետ բանակցում ենք այս հարցի շուրջ։ Երեկ վերցրել ենք մեծ պատասխանատվություն, որը պետք է լիներ տարիներ շարունակ, այսինքն վիդեո աուդիտ անենք, իրենք ասում էին՝ մենք տեսնենք այդ ջերմոցները, մենք ունենանք հետագծելիություն։ Դա շատ երկար պրոցես էր ու գրեթե անհնարին»։


