Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի
Առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ին հրավիրված նիստում ներկայացնելով ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունների դրդապատճառները:
Փոխնախարարի խոսքով փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգմամբ հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին եւ ապահովել պատշաճ ներդրումը, մասնավորապես, համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, ծառայությունում առկա գործող համակարգում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել եւ ընդունել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաեւ վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին եւ էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: