Կարծում եմ՝ Գերմանիայի և ԵՄ գործընկերների աջակցությամբ մենք կկարողանանք դառնալ սևծովյան էլեկտրամալուխի նախագծի մի մասը. Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այսօր ինքը և Գերմանիայի նախագահ Շտայնմայերը քննարկել են էներգետիկ հարցեր և հատկապես կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։
՛՛Գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա ավարտին հասցնել դեպի Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցումը։ Քննարկվել են տնտեսական հարցեր և Հարավային Կովկասից Եվրամիություն էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը։
Քննարկումների ընթացքում օրակարգում ընդգրկվել է նաեւ սեւծովյան էլեկտրամալուխի հարցը։ Կարծում եմ, որ ապագայում Գերմանիայի օգնության և ԵՄ գործընկերների աջակցության շնորհիվ մենք կկարողանանք դառնալ այս նախագծի մի մասը։
Այսօր Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում կանաչ էներգիայի տեսակարար կշիռը կազմում է մոտ 40 տոկոս, և այդ տեսակարար կշիռը կաճի։ Մենք կունենանք էլեկտրաէներգիայի ավելցուկ, և մեզ անհրաժեշտ կլինի այն արտահանել՛՛,-ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը։
՛՛Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է՝ առաջինը Եվրամիության երկրներից։
Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան և ենթակառուցվածքները: Ես նաև շնորհակալություն հայտնեցի Գերմանիային Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին երկարամյա աջակցության համար։
Անդրադարձանք տարածաշրջանային զարգացմանն առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային իրավունքի հիման վրա առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման և բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։
Մենք ընդգծեցինք Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։
Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները։ Ես ևս մեկ անգամ ընդգծեցի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը այս համատեքստում ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛ նախագիծը՛՛,-նշել է Խաչատուրյանը: