ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Իրավիճակը կառավարելի է, մեծ հաշվով Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանում գործող ժամանակակից ջերմատնային տնտեսություններում արտադրվող ծաղիկների որակը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում։

Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ծաղկային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին, նախարարը նշել է, որ Հայաստանի ջերմատնային տնտեսությունների մի մասը տեխնոլոգիական առումով համադրելի է ԵԱՏՄ երկրների լավագույն տնտեսությունների հետ։

«ԵԱՏՄ այլ երկրները իրապես կցանկանային ունենալ այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ունեն Հայաստանում եղած ջերմատների մի էական մասը»,- ասել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ այդ որակի արտադրանքը հնարավորություն է տալիս արտահանում իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլև Եվրոպական միության երկրներ և ԱՄՆ։

«Հիմա նաև մեխանիզմներ ենք քննարկում, օրինակ, վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու, որովհետև փաստացի այն որակի արտադրանքը, որը գերժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներում արտադրվում է, Եվրոպական միության աուկցիոնում՝ Նիդեռլանդներում գործող աճուրդային հարթակում, վաճառվում է։ Այսինքն՝ մենք արդեն կարողանում ենք տալ հոլանդական վարդերի ամենաբարձր որակը»,- նշել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ Կառավարությունը տնտեսվարողների հետ քննարկում է մի շարք աջակցության մեխանիզմներ, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերի և մտավոր սեփականության իրավունքների հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերը

Նա պարզաբանել է, որ Եվրոպական միությունում ծաղիկների արտահանման դեպքում անհրաժեշտ է վճարել նաև տվյալ սորտի հեղինակային իրավունքի համար։

Անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական արտադրության ծաղիկների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ նախարարը նշել է, որ ֆիտոսանիտարական վերահսկողության հարցերով պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը հարցերի համակարգմամբ է զբաղվում։

Պապոյանը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ գործընկերային։

«Մեր և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները իրականում շատ լավն են։ Մամուլում առկա լարվածությունները ավելի հեռու են այն իրականությունից, որը կա»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակումները կգործեն մինչև հայկական ջերմոցների ստուգման ավարտն ու արդյունքների վերլուծությունը։

Ռուսական կողմը նշել էր, որ որոշումն ընդունվել է բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանից ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքում արձանագրվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 135 դեպք, ինչը կազմում է տարվա ընթացքում գրանցված նման դեպքերի ընդհանուր թվի 77 տոկոսը։

 

  • Կիսվել: