Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Իրանից Հայաստան ներմուծվող մի մի շարք գյուղատնտեսական ապրանքների որոշակի քանակության համար 2025 թ. ընթացքում սահմանվում է սակագնային քվոտա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։
Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։
«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։
Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):