ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հույս ունենք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և ավելի հստակ կարող ենք պայքարել չարիքի դեմ. ՀՌՀ նախագահ

Հույս ունենք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և ավելի հստակ կարող ենք պայքարել չարիքի դեմ. ՀՌՀ նախագահ

Շատ ենք կարևորում ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը: Հույս ունենք՝ հստակ չափանիշների սահմանմամբ, եվրոպական դիրեկտիվներից ելնելով՝ այս տարի Հայաստանը ի վերջո կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, որովհետև մինչև հիմա ստիպված ենք առաջնորդվել միջազգային փաստաթղթերով և պայմանագրերով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2024 թվականի գործունեության և տեսալողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«Ունենալով մերը և իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ՝ մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ: Բայց այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտավորությունների համահարթեցում: Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա- և ռադիոընկերությունների հանդեպ:

Դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը ավելի շատ գեներացվում են համացանցում և շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում: Օրինակ՝ այս տարի 2 վարույթ ունեցանք, 2-ն էլ ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ էին, օրինակ՝ Ասիայից եկող աշխատողների, հնդիկների և այլ երկրների բնակիչների… Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500 հազար դրամով միայն այն բանի համար, որ զբաղվում էր ազգային խտրականությամբ, որը, ցավոք, մեր հասարակության մեջ ինչ-որ բացասական արձագանքներ ստացավ: Մարդկանց որոշ մասի մինչև հիմա երևի թվում է՝ մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին ինչ ուզում ենք, կարող ենք խոսել»,- ասաց նա:

  • Կիսվել: