երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հսկիչն է դիմում ոստիկանին, ոստիկանն իր գործողությունն իրականացնում է. Ռուբինյանը՝ չվճարող ուղևորին զննելու մասին

Հսկիչն է դիմում ոստիկանին, ոստիկանն իր գործողությունն իրականացնում է. Ռուբինյանը՝ չվճարող ուղևորին զննելու մասին

  Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե վերոնշյալ նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել:

Ռուբինյանը պարզաբանեց՝ զննություն անցկացնելու իրավունքը ոչ թե հսկիչներինն է, այլ ոստիկանինը:

«Ըստ նախագծի՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնել: Այսինքն՝ ի՞նչ է անում հսկիչը. նախ ստուգում է՝ տոմս ունի՞, թե՞ չէ, վճարե՞լ է, թե՞ չէ: Ենթադրենք՝ չի վճարել, ասում է՝ անձնագիրը տվեք, որ ձեզ տուգանեմ: Ասում է՝ անձնագիր չունեմ: Ասում է՝ անձնագրի տվյալ կարող եք տալ: Ասում է՝ ասենք, չունեմ, [այդ դեպքում] հնարավորություն է տրվում լուսանկարով նույնականացնել, չգիտեմ՝ ոնց է արվում: Բայց, լա՛վ, ենթադրենք, որ դա էլ չի ստացվում, և մարդը հրաժարվում է նույնականացվել, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին, ինչը, այսպես թե այնպես, ոստիկանն ունի՝ այդ իրավունքը մարդուն նույնականացնելու:

Օրինակ՝ եթե մարդը հրաժարվում է ասել անուն-ազգանուն, տվյալ և այլն, ապա հիմա էլ փողոցում ոստիկանը կարող է մոտենալ մարդուն, եթե հիմք ունի, կասկած ունի, տանի բաժին՝ նույնականացնելու: Այսինքն՝ ձեր ասածը սուտ է: Հսկիչն է դիմում ոստիկանին, ոստիկանն իր գործողությունն իրականացնում է:

Այլ կերպ ասած՝ պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում զննություն իրականացնելու, սուտ է»,- ասաց Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար: Նախագծի համաձայն՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարող կամ կրիչը չվավերացնող ուղևորը կտուգանվի 15 հազար դրամով, իսկ եթե ուղևորը տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, ապա կտուգանվի 3000 դրամով:

Տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել:

  • Կիսվել: