ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ շահարկումներին:Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ կանի Հայաստանի իշխանությունը, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի սակագինը:
«Մենք ասել ենք և մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք 4 սահմանակից երկրներ ունենք և, եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք: Գազի գինը նաև քաղաքական գին է ներառում, մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից, մեկ ճնշման կոճակից և անելու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի դիվերսիֆիկացման գործընթացը»,- ասաց Սիմոնյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր է, որն իր իշխանությունը ձևավորում է իր ժողովրդի ընտրության շնորհիվ, չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի Հայաստանում քաղաքական գործընթացներ գեներացնելու, քաղաքական գործընթացները ցանկացած ուղղությամբ տանելու համար:
«Հայաստանի Հանրապետությունն իր սուվերենությունը պահպանելու է: Ռուսաստանի Դաշնության գործընկերներն էլ մշտապես ասում են, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունն իր շահերը չի զիջել և չի զիջելու»,- նշեց նա:



