Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Բրյուսելում մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ISA) Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Նիստի շրջանակներում Ապիտոնյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ընդգծել է, որ ISA-ն էական դեր է խաղացել տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, արևային և վերականգնվող էներգիայի զարգացման խթանման, ինչպես նաև անդամ երկրների միջև փորձի և գիտելիքների փոխանակման գործում։
Նախարարի տեղակալը նիստի շրջանակներում ներկայացնել է Հայաստանի էներգետիկ ոլորտում վերջին զարգացումները՝ ISA-ի առաջնահերթությունների համատեքստում։
Ապիտոնյանը նկատել է, որ վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից են։
Հայաստանը շարունակում է կատարելագործել իր կարգավորող և ներդրումային միջավայրը՝ լիարժեքորեն իրացնելու վերականգնվող էներգիայի ներուժը։
Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ISA-ի շրջանակներում և ակտիվորեն մասնակցելու դրա նախաձեռնություններին՝ նպաստելով տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, կայունության և նորարարության ամրապնդմանը։



