Հայաստանը Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հիմնական գործընկերներից մեկն է. ԻԻՀ էներգետիկայի նախարար
Շեշտը դնելով հարևան երկրների հետ էներգետիկ համագործակցության ընդլայնման վրա՝ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Իրանի էլեկտրաէներգիայի փոխանակումները տարածաշրջանի յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, անընդհատ շարունակվում են, և օրակարգում է նաև այդ համագործակցության ընդլայնման ծրագիրը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Ալիաբադին, ելույթ ունենալով Ռուդշուրի էլեկտրակայանի գոլորշու հատվածի բացման արարողության ժամանակ, ասել է, որ Իրանն այժմ էլեկտրաէներգիա է փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի հետ։ Նա հավելել է, որ ուսումնասիրություններ և բանակցություններ են ընթանում նաև տարածաշրջանի այլ երկրների հետ էլեկտրաէներգիայի կապերի ընդլայնման ուղղությամբ։
Էներգետիկայի նախարարը հարևանների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության զարգացումը համարեց տնտեսական հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային ինտեգրման բարձրացման գործոն և ընդգծեց, որ այդ փոխազդեցությունները կարող են նպաստել տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը և ավելի մեծ բարգավաճմանը։
Ալիաբադին նաև հայտարարեց երկրի էլեկտրաէներգիայի ցանցի «խելացիացման» մասին՝ ասելով, որ Իրանի էլեկտրաէներգիայի ցանցի ավելի քան 60 տոկոսն այժմ ձեռք է բերել տեսանելիություն և կառավարելիություն։ Նրա խոսքով՝ այս ընթցքը կշարունակվի և կնպաստի ցանցի արդյունավետության և կայունության բարձրացմանը։
Նա նաև հիշատակեց Ռուդշուրի էլեկտրակայանի գոլորշու հատվածի շահագործումը և հայտարարեց, որ այս հատվածի գործարկմամբ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությանը ավելացել է 345 մեգավատ, իսկ Իրանի էլեկտրակայանի հզորությունը գերազանցել է 135,000 մեգավատը։



