ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը ․ տնտեսագետ

Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը ․ տնտեսագետ

  2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է նշանակալի կառուցվածքային փոփոխություններ, որոնք մեծապես պայմանավորված են երկրի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և աշխարհաքաղաքական գործոններով: Այա մասին ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագիտության թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը՝ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի 10-րդ կիսամյակային տնտեսագիտական հետազոտությունը։

Ըստ նրա՝ այս փոփոխությունների հիմնական ասպեկտները դարձան վերաարտահանման ծավալների, հատկապես՝ ոսկու, էական աճը և արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի փոխակերպումը: «Այս փոփոխությունները հանգեցրին առաջին հայացքից տպավորիչ ՀՆԱ-ի 9.2% աճի 2024 թվականի առաջին եռամսյակում, սակայն ավելի խորը վերլուծությունը բացահայտում է երկրի տնտեսական իրավիճակի բարդ պատկերը»,- նկատեց նա:

Ըստ Թավադյանի, 2024 թվականի հունիսի վերջի դրությամբ, Հայաստանի արտահանման տարեկան ծավալը հասել է 13.1 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 89.7%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արտահանումը կազմում էր 6.9 մլրդ դոլար: «Սակայն կարևոր է նշել, որ այս աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է վերաարտահանման ծավալների ավելացմամբ, հատկապես՝ ոսկու և թանկարժեք մետաղների: Եթե բացառենք թանկարժեք մետաղների և քարերի կատեգորիան (ԱՏԳ ԱԱ ծածկագիր 71), արտահանման ծավալը կազմում է 4.9 մլրդ դոլար, ինչը մատնանշում է էական՝ 10.9% նվազում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ այս ցուցանիշը կազմում էր 5.53 մլրդ դոլար: Սա վկայում է այն մասին, որ ոսկու վերաարտահանման աճը քողարկում է այլ ապրանքների արտահանման նվազումը և տնտեսության իրական հատվածի հնարավոր բացասական զարգացումը»,- նշեց տնտեսագետը:

Նա նաև նկատեց, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը էական փոփոխությունների է ենթարկվե՝ թանկարժեք քարերն ու մետաղները դարձել են գերիշխող կատեգորիա՝ կազմելով ընդհանուր արտահանման ծավալի մոտ 62.4%-ը: Այս կատեգորիայի հիմնական մասը կազմում է ոսկին: Տեքստիլն ու կոշկեղենը ցույց են տվել 42.7% աճ, իսկ հանքաքարերի և խտանյութերի արտահանումն ավելացել է 18.5%-ով: Սակայն նկատվում է արտահանման նվազում ավանդական կատեգորիաներում. մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտային միջոցների և սարքավորումների՝ 12.4%-ով, գյուղատնտեսական արտադրանքի՝ 17.0%-ով, ծխախոտի՝ 6.1%-ով, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների՝ 1.0%-ով, քիմիկատների՝ 31.0%-ով, իսկ էլեկտրաէներգիայի՝ 35.5%-ով: Տնտեսության հիմնական ոլորտներում այս նվազումը մտահոգություն է առաջացնում Հայաստանի տնտեսական աճի երկարաժամկետ կայունության վերաբերյալ:

«Արտահանման աշխարհագրական կառուցվածքը նույնպես էական փոփոխությունների է ենթարկվել: Մերձավոր Արևելքի երկրները, հատկապես ԱՄԷ-ն, դարձել են արտահանման հիմնական ուղղությունը: Արտահանումը դեպի այս տարածաշրջան աճել է 497%-ով և հասել 3.82 մլրդ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 48.2%-ը: «Մեծ Չինաստան» (ներառյալ Հոնկոնգը) արտահանումն ավելացել է 622%-ով՝ հասնելով 2.04 մլրդ դոլարի (ընդհանուր արտահանման 25.7%-ը): Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.5 մլրդ դոլար, ինչը 19.7%-ով պակաս է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: ԵԱՏՄ-ի մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում նվազել է մինչև 18.9%: Եվրոպական Միություն արտահանումը կրճատվել է 25.1%-ով և կազմել ընդամենը 282 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման ծավալի 3.6%-ը: Արտահանման աշխարհագրական կառուցվածքի այս փոփոխությունները արտացոլում են ինչպես նոր տնտեսական իրողությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրային գործունեության վրա»,- նշեց Թավադյանը:

Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին կիսամյակում նկատվում է Հայաստանի ներմուծման ծավալների զգալի աճ: Այս ժամանակահատվածում ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 10.48 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 86.5%-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում (5.62 մլրդ դոլար): Ներմուծման այս կտրուկ աճը մեծապես պայմանավորված է ոսկու և այլ թանկարժեք մետաղների ներմուծման ավելացմամբ, հիմնականում Ռուսաստանից: Ոսկու և թանկարժեք մետաղների ներմուծումը ավելացել է 4.83 անգամ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Թավադյանը նկատեց, որ Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքը նույնպես էական փոփոխությունների է ենթարկվել: ԵԱՏՄ երկրները, հատկապես Ռուսաստանը, դարձել են ներմուծման գերիշխող աղբյուր: ԵԱՏՄ-ի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում աճել է մինչև 66.8% (7.0 մլրդ դոլար), ինչը 367%-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Ռուսաստանից ներմուծումը կազմել է 6.96 մլրդ դոլար, ինչը կազմում է ԵԱՏՄ-ից ամբողջ ներմուծման 99.4%-ը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ից ներմուծումը նվազել է 24.4%-ով և կազմել 742 մլն դոլար (ընդհանուր ներմուծման ծավալի 7.08%-ը), իսկ Չինաստանից ներմուծումը նվազել է 11.7%-ով՝ հասնելով 693 մլն դոլարի (ընդհանուր ներմուծման 6.62%-ը): Մերձավոր Արևելքի երկրներից ներմուծումը ցույց է տվել աննշան աճ՝ 6.8%-ով, հասնելով 535 մլն դոլարի (ընդհանուր ներմուծման 5.11%-ը):

«Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որն ազդում է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա 2024 թվականի առաջին կիսամյակում: Ոսկին դարձել է վերաարտահանման հիմնական ապրանքը: 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 6.45 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ, որից 4.85 մլրդ դոլարը (75%) բաժին է ընկնում ոսկուն: Նույն ժամանակահատվածում ներմուծվել է 5.81 մլրդ դոլարի ոսկի, ինչը կազմում է թանկարժեք մետաղների և քարերի ընդհանուր ներմուծման 88%-ը: 2024 թվականի առաջին կիսամյակում ոսկու վերաարտահանման ծավալը կազմել է մոտ 48.4 տոննա, 294 տոննա ներմուծման պայմաններում: Վերաարտահանման համար ոսկու հիմնական աղբյուրը Ռուսաստանն է: 2024 թվականի առաջին եռամսյակում ռուսական ոսկու ամբողջ արտահանման մոտ 88%-ն անցնում էր Հայաստանի միջով»,- ընդգծեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում 9.2% ՀՆԱ-ի աճը մեծապես պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ: Ըստ գնահատականների, այս աճի 4%-ը բաժին է ընկնում ոսկու վերաարտահանմանը: Ոսկու վերաարտահանման «արտադրությունն» ապահովել է ՀՆԱ-ի 4% աճը, առևտուրը՝ 3%, ֆինանսական ծառայությունները՝ 1.1%, մինչդեռ տնտեսության մնացած ոլորտները ցույց են տվել 0.1% անկում: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական աճը մեծապես կախված է ժամանակավոր և պոտենցիալ անկայուն գործոններից:

Թավադյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Ռուսաստանի հետ առևտուրը առանցքային դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ: 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանումը կազմել է 1.41 մլրդ դոլար, ինչը 21.1%-ով պակաս է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ներմուծումն աճել է 383%-ով և հասել 6.96 մլրդ դոլարի: ԵԱՏՄ այլ երկրների հետ առևտուրն ունի հետևյալ դինամիկան. Բելառուս արտահանումն աճել է 14.8%-ով և կազմել 52.3 մլն դոլար, իսկ Ղազախստան արտահանումն ավելացել է 9.8%-ով և հասել 27.0 մլն դոլարի: Բելառուսից ներմուծումը նվազել է 34.5%-ով՝ կազմելով 33.1 մլն դոլար, իսկ Ղազախստանից ներմուծումն աճել է 13.0%-ով և կազմել 10.9 մլն դոլար:

«Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի առաջին կիսամյակում ցուցաբերել է նշանակալի աճ, որը մեծապես պայմանավորված է վերաարտահանման ծավալների, հատկապես՝ ոսկու, ավելացմամբ: Սակայն այս աճն ուղեկցվում է էական կառուցվածքային փոփոխություններով և ռիսկերով: Տնտեսության ավանդական ոլորտներում և արտահանման մեջ ակտիվության նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ զարգացման երկարաժամկետ հեռանկարների վրա: Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղությունների»,- նկատեց տնտեսագետը:

Թավադյանը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը: Ըստ նրա՝ ավանդական արտահանման մասնաբաժնի նվազումը և տնտեսության առանցքային ոլորտներում անկումը ստեղծում են ռիսկեր երկարաժամկետ կայուն զարգացման համար: Վերաարտահանման գործառնություններից կախվածությունը տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին գործոնների և միջազգային առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների նկատմամբ: ԵՄ երկրներ և այլ ավանդական շուկաներ արտահանման նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության դիվերսիֆիկացման և արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողականության վրա»,- պարզաբանեց տնտեսագետը:

Ըստ Թավադյանի՝ Հայաստանի բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումների վերլուծությունը ցույց է տալիս նշանակալի փոփոխություններ 2023-2024 թվականներին: 2022 թվականի ռեկորդային աճից հետո, երբ փոխանցումների ծավալն ավելացավ 2.5 անգամ՝ հասնելով 5.2 մլրդ ԱՄՆ դոլարի, 2023 թվականին նկատվեց աճի դանդաղեցում մինչև 9.7%: Սակայն ավելի մանրամասն վերլուծությունը բացահայտում է նվազման միտում. 12-ամսյա դրամական փոխանցումների պիկային արժեքը գրանցվել է 2023 թվականի մայիսին՝ 6.4 մլրդ դոլար մակարդակում, ինչը 11%-ով բարձր է տարեվերջի 5.7 մլրդ դոլար ցուցանիշից: 2024 թվականի կանխատեսումները մատնանշում են բանկային փոխանցումների ծավալի հավանական կրճատում մոտ 7%-ով՝ մինչև 5.3 մլրդ դոլար: Բանկային համակարգ զուտ ներհոսքը կարող է կրճատվել լրացուցիչ 21%-ով: ԹԱյս միտումը լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանի բանկային հատվածի և ընդհանուր տնտեսության համար, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կապիտալի ներհոսքի զգալի մասը ներդրվել է շինարարության մեջ»,- ընդգծեց Թավադյանը:

Ըստ նրա՝ զբոսաշրջության ոլորտը, որը Հայաստանի ծառայությունների արտահանման հիմնական բաղադրիչներից է, նույնպես ցուցաբերում է աճի դանդաղեցման նշաններ: 2023 թվականին զբոսաշրջային ծառայությունների արտահանումը հասավ 3 մլրդ դոլարի, ինչը կազմում է երկրի ծառայությունների ընդհանուր արտահանման 53.5%-ը: Սակայն 2023 թվականի չորրորդ եռամսյակում նկատվեց զբոսաշրջային ծառայությունների արտահանման զգալի կրճատում՝ 42.6%-ով երրորդ եռամսյակի համեմատ: Այս կտրուկ անկումը մտահոգություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկն էր: Զբոսաշրջության ոլորտում ակտիվության նվազումը կարող է էական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական աճի վրա, հատկապես ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում սահմանված 7% աճի թիրախային ցուցանիշի համատեքստում: Այս իրավիճակը ընդգծում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և առանձին ոլորտներից, ինչպիսիք են զբոսաշրջությունը և դրամական փոխանցումները, կախվածության նվազեցման անհրաժեշտությունը:

«Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը և վերաարտահանման գործառնություններից կախվածության նվազեցմանը: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել տնտեսության ավանդական ոլորտների զարգացմանը և նորարարական ճյուղերի, ինչպիսին է ՏՏ ոլորտը, աջակցմանը: ԵԱՏՄ անդամակցությունը նշանակալի դեր է խաղում ներկայիս տնտեսական իրավիճակում, և Հայաստանը պետք է օգտագործի ինտեգրման առավելությունները տնտեսության տարբեր ոլորտներում աճը խթանելու համար՝ միաժամանակ աշխատելով այլ երկրների և տարածաշրջանների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ ավելի հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով»,- եզրափակեց փորձագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: