չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ

Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ

Երևանը վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ, «Ազատությանը» գրավոր հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից:

Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Ըստ ալկոհոլ արտադրողների՝ այդ ստուգումներն արդեն ամիսներ են տևում, ինչի հետևանքով հայկական խմիչքները ռուսական շուկայից դուրս են մնում, ընկերություններն էլ՝ ֆինանսական վնասներ կրում:

⁠Արդյոք այդ ստուգումները վրացական մաքսակետում շարունակվելու են ու կրկին ձգձգվելու են մատակարարման ժամկետները, այս հարցին էլ գերատեսչությունից պատասխանել են, թե «ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե՝ ոչ»:

Պատասխանից պարզ չի դառնում՝ փաստացի ապօրինի՞ են այդ ստուգումները, թե՞ պարզապես իրենց այս ամիսների ընթացքում չի հաջողվել պատասխան ստանալ: Նախարարությունից նաև փոխանցել են՝ ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար հատել է ռուսական սահմանը, մի քանի տասնյակ մեքենաներ Լարսի անցակետում են սպասում իրենց հերթին, ևս մի քանի տասնյակ էլ դեռևս նույն տեղում է, աշխատանքներ են իրականացվում դրանց տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

Օրերս Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկեց իր այցը Երևան, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, թե վրացական կողմից անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:

  • Կիսվել: