Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը
Քաղաքացիներն 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2–ից սկսած:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք՝ այս տարվա և հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը: Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1–ը: Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1–ը»,–ասաց Թունյանը:
Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնական կետ: Հիմա ըստ օրենքի՝ մարդիկ կարող են հունվարի 1–ից մինչև մայիսի 1–ը հայտարարագիր լրացնել՝ ցանկացած օր: Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2–ը: «Այսինքն՝ դրանից շուտ պետությունը հայտարարագիր չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից և հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը»,–ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մոտ 35 հազար մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել: Պատգամավորի կարծիքով՝ այդ փոքր թվի պատճառներից մեկը մարդկանց՝ դեռևս նույնականացման քարտ չունենալն է: Պատճառներից է նաև այն, որ մարդիկ արդեն մի քանի ամիս գիտեն, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն՝ գիտեն, որ դեռևս ժամանակ ունեն: