շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Չի լինելու ոչ մի կոմպրոմիս. Փաշինյանը՝ հարկման բեռի որոշումը կասեցնելու՝ ընդդիմության առաջարկների մասին

Չի լինելու ոչ մի կոմպրոմիս. Փաշինյանը՝ հարկման բեռի որոշումը կասեցնելու՝ ընդդիմության առաջարկների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկությունների մասին որոշում է ներկայացել Կառավարություն, համաձայն որի, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի, ակնկալվում է կասեցնել հարկման բեռի աճը: Որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի զգալի չափով ավելացող հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ: Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական՝ շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը»,- պարզաբանեց նախարարը:

Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված, և ոլորտի բարեփոխման նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելն է և դրանով իսկ տեսանելի հարստությանը և ունեցվածքին համարժեք հարկում ապահովելն է:

Մյուս կողմից, մինչև նոր համակարգի ներդրումը գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ինչը, ըստ նախարարի, չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 1-3 տոկոսի:

«Այսինքն՝ ՀՀ-ում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվել: Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 2026-ի հարկի ներուժը 2026-ին կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է շուրջ 0,35 տոկոս, այսինքն՝ ավելացումը լինելու է ընդամենը 0,15 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել»,- նկատեց նախարարը՝ տեղեկացնելով, որ ընտրվել են հարկման իմաստով հնարավորինս արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 մլն դրամ արժեք ունեցող բնակարանները և անհատական բնակելի տները կազմում եմ բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը: Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ, և կարող է կազմել շուրջ 20 հազար դրամ: 25-200 մլն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս: Այս խմբի մասով հարկի միջին աճը կազմում է 50 հազար դրամ. սրանք տարեկան ցուցանիշներն են»,- ասաց նախարարը և եզրակացրեց՝ սա շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ բեռի աճի վրա: Ըստ այդմ՝ նախարարը հայտարարեց, որ որոշման նախագիծն ընդունելի չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից զրո եկամուտ է ստանում, և այդ հարկվող գումարները ստանում են համայնքները: Դրա արդյունքում է, որ 2019-ից համայնքային բյուջեներն ավելացել են:

«Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չէ, մենք այս որոշումը կայացրել ենք և պինդ կանգնելու ենք այս որոշման վրա: Կներեք, բայց այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, որ համայնքն ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց որոշման նախագծին:

  • Կիսվել: