Գիտության ոլորտում երբեք չի արվել այնքան աշխատանք, ինչքան արվել է այս Կառավարության օրոք. ԿԳՄՍ նախարար
Կառավարությունը 2021 թվականին կայացրեց գիտաշխատողների վարձատրության բարձրացմանն ուղղված որոշում, և 2022 թվականի հունվարի 1-ից շարունակաբար, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, աշխատավարձերը բարձրացել են 105-300 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր մենք ունենք իրավիճակ, որ բազային ֆինանսավորմամբ 530 հազար դրամի չափով վարձատրություն են ստանում մարդիկ. գլխավոր գիտաշխատողներին նկատի ունեմ: Սա գիտնականների ամբողջ վարձատրությունը չէ, որովհետև ոլորտում գործում են նաև դրամաշնորհային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս առնվազն կրկնապատկել վարձատրությունը, և հիմա մեր արդյունավետ աշխատող գիտնականները բավականին բարձր ու մրցունակ վարձատրություն են ստանում:
Սրա պարզ վկայությունն է այն, որ 2022-2023 թվականներին կոտրվել է այն տենդենցը, որ ունեցել ենք անկախությունից ի վեր, որ ամեն տարի գիտաշխատողների թվի նվազում ենք նկատել, և 2022-2023-ին առաջին անգամ մենք գրանցեցինք նոր գիտնականների մուտք համակարգ, և դրանք հիմնականում երիտասարդ գիտնականներ են: Այս տենդենցը շարունակվում է յուրաքանչյուր տարի:
Սա նշանակում է, որ հիմա մենք ստեղծել ենք մի միջավայր, որ մեր երիտասարդները մտածում են՝ գիտությամբ զբաղվելն իրենց համար թե՛ հեռանկարային է, թե՛ մրցունակ է»,- ասաց նախարարը:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ աշխատելու նպատակով արտերկրից ևս գիտնականներ են գալիս Հայաստան:
«Արտասահմանից մեզ մոտ եկող գիտնականներ ունենք (մեր կողմից իրականացվող առանձին ծրագրեր են, իհարկե), և նրանք գալիս են ու տեղի գիտնականների հետ աշխատում են»,- ասաց նախարարը և հավելեց, որ գիտության ոլորտում երբեք չի արվել այնքան աշխատանք, ինչքան արվել է այս Կառավարության օրոք: