կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԱԺ-ն հրաժարվեց ավտոներկրողներին ազատել ԱԱՀ-ից

ԱԺ-ն հրաժարվեց ավտոներկրողներին ազատել ԱԱՀ-ից

Հայաստանում եկող տարվանից երբ առանց վերապահումների կսկսի գործել ԵՏՄ մաքսային օրենսդրությունը, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ավտոմեքենա ներկրողները չտուժեն։ Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց օրինագծի հեղինակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ այս օրինագծի ընդունումը պետք է մեղմի հետևանքները ավտոդիլերների համար, քանի որ արտոնյալ շրջանի ավարտի հետ կապված, որը սահմանվել էր Հայաստանի համար ԵՏՄ-ի կողմից, միասնական մաքսատուրքերի ազդեցությունը կարող է էական վնաս հասցնել այդ բիզնեսին, քանի որ ներկրվող ավտոմեքենաների գները երկրում կարող են զգալիորեն բարձրանալ։

Նշենք, որ ավտոներկրողներն այժմ օգտվում են ԵՏՄ-ի կողմից Հայաստանի համար սահմանած արտոնյալ պայմաններից. ԵԱՏՄ մուտք գործելիս՝ Հայաստանը մաքսային տուրքերի անցումային շրջանի հնարավորություն է ստացել, այդ թվում՝ ավտոմեքենաների համար: 2015-ից 2020 թվականների ընթացքում Հայաստանում մեքենաների մաքսային տուրքի չափը մնացել է 10%,`անկախ հնությունից ու շարժիչի ծավալից: Մյուս տարվանից Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի տուրքերին, ու մեքենայի գումար խնայողներից շատերն ուզում են հասցնել այս տարի ձեռք բերել այն։

Օրինագծով  առաջարկում է սահմանին 3-7 տարվա արտադրության մեքենաներ ներմուծելիս ազատել ավտոներկրողներին ԱԱՀ-ից մեկ տարի ժամկետով, որպեսզի հնարավորություն լինի գնահատել իրավիճակը շուկայում, լուրջ տատանումներ չառաջացնել, որոնք կարող էին վնաս հասցնել այդ բիզնեսին:

«Հայաստանը 2020 թվականին անցնելու է բնապահպանական խիստ վարչարարության համակարգի, որը կարգավորվելու է ԵՏՄ օրենսդրության շրջանակում: Այս օրինագծի ընդունումը կնպաստի արտանետումների ավելի ցածր մակարդակով տրանսպորտային միջոցների ներդրմանը, կազմակերպությունների շրջանառու կապիտալի մեծացմանը, ինչպես նաև ավտոդիլերների ոլորտում քաղաքակիրթ և ավելի պաշտպանված իրավական հարաբերությունների ձևավորմանը»,- ներկայացրեց Մելքումյանը:

Կառավարությունն, այդուհանդերձ, այս օրինագծին դեմ էր. այն ստացավ հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

  • Կիսվել: