շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակում «Նյուրնբերգը» հյուրընկալվելիս ուժերն է չափել «Էներգի Կոտբուսի» հետ և լարված պայքարում կորզել ոչ-ոքի՝ 1:1: Հյուրերի կազմում հանդիպման հերոս է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը երկրորդ խաղակեսում դուրս է եկել փոխարինման և խաղավերջում հավասարեցրել հաշիվը, գրում է armsport.am-ը:

«LEAG Energie» մարզադաշտում հավաքված 18,056 երկրպագուների ներկայությամբ Կլաուս-Դիտեր Վոլիցի գլխավորած թիմը խաղը սկսել է մեծ թափով և բարձր պրեսինգով։ Դաշտի տերերի մեկնարկային կազմում վնասվածք ստացած ավագ Աքսել Բորգմանին փոխարինել էր օրեր առաջ թիմ վերադարձած Լեոն Գուվարան, իսկ ավագի թևկապը կրում էր Տոլջայ Ջիգերջին։

Արդեն 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Քինգ Մանուն մոտ տարածությունից հարվածել է դարպասին, սակայն «Նյուրնբերգի» դարպասապահ Յան Ռայխերտը հրաշքով փրկել է իր թիմին հենց դարպասային գծի վրա։ Մեկ րոպե անց Ջասթին Բաթլերը աջ եզրից կատարված փոխանցումից հետո հայտնվել է բացարձակ մենակ դարպասի դիմաց, սակայն վրիպել է գնդակի վրայով։ 14-րդ րոպեին Ռայխերտը չեզոքացրել է նաև Ջիգերջիի հարվածը։ «Նյուրնբերգի» պաշտպանությունը մեկնարկային րոպեներին լուրջ խնդիրներ ուներ՝ հիշեցնելով նախորդ տուրում «Վոլֆսբուրգի» դեմ խաղի (4:4) առաջին կեսը։

Հյուրերն առաջին վտանգավոր պահը ստեղծել են միայն 25-րդ րոպեին, երբ Թիմ Յանիշի եզրային փոխանցումից հետո Մոհամեդ Ալի Զոման օդից հարվածով գնդակն ուղարկել է դարպասից վերև։ Րոպեներ անց «Նյուրնբերգը» կորցրել է իր գլխավոր հարվածային ուժին. դեռ 6-րդ րոպեին մենապայքարներից մեկում ձախ ձեռքի վրա անհաջող վայրէջք կատարած Զոման 30-րդ րոպեին ցույց է տվել, որ չի կարող շարունակել խաղը։ Երկրորդ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն (նախնական տվյալներով՝ ձեռքի սալջարդով) տեղը զիջել է Վիլյամ Բյովինգին։

Չնայած կորստին՝ ֆրանկոնական ակումբը կարողացել է հավասարեցնել խաղը և 36-րդ րոպեին ստեղծել առաջին կեսի ամենավտանգավոր կրկնակի պահը. Թիմ Յանիշի ցածրից կատարած հարվածից հետո գնդակը դիպել է ձախ դարպասաձողին, իսկ վայրկյաններ անց Բյովինգի պտտեցրած հարվածը տուգանայինի մատույցներից շեղ է ստացվել։ Խաղակեսի վերջնամասում (45′) արդեն «Կոտբուսի» կիսապաշտպան Լուկաս Միխելբրինկի հուժկու հարվածն է ետ մղել Ռայխերտը։

Երկրորդ խաղակեսը ևս մեկնարկել է տանտերերի ակտիվությամբ։ 47-րդ րոպեին՝ հյուրերի լեփ-լեցուն տրիբունայում կիրառված պիրոտեխնիկայի ծխի ներքո, Բաթլերը մոտ տարածությունից գլխով հարվածել է հորիզոնական դարպասաձողից մի փոքր վերև։

55-րդ րոպեին «Էներգին» հասել է իր նպատակին օրինակելի հակագրոհի շնորհիվ. Լուկաս Միխելբրինկը խորքից կատարել է փայլուն երկար փոխանցում աջ եզրով առաջ նետված Լեոնարդո Բիտենկուրտին, որն էլ, օգտվելով «Նյուրնբերգի» բարձր պաշտպանական գծից, գնդակը տեղափոխել է կենտրոն, որտեղից Ջասթին Բաթլերը գրավել է դարպասը՝ խփելով իր 5-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում (1:0): Րոպեներ անց Բաթլերը կրկին գրավել է դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկել է գոլը։

66-րդ րոպեին «Նյուրնբերգի» մարզչական շտաբը խաղադաշտ է դուրս բերել Ստյոպա Մկրտչյանին, որը փոխարինել է Ալեքսիոս Կալոգերոպուլոսին։ Հայ ֆուտբոլիստի մուտքից հետո հյուրերը մեծացրել են ճնշումը։ 77-րդ և 78-րդ րոպեներին «Նյուրնբերգը» երկու անգամ մոտ է եղել գոլին. նախ Պիտ Սկոբելի հեռահար հարվածից հետո գնդակը դիպել է հորիզոնական դարպասաձողին, ապա դարպասապահ Մարսել Լոտկան տպավորիչ սեյվով ետ է մղել նույն Սկոբելի գլխով հարվածը։

Հյուրերի ճնշումը տվել է իր պտուղները 79-րդ րոպեին. աջ եզրից կատարված փոխանցումից հետո Քինգ Մանուն անհաջող է հեռացրել գնդակը, որն Էրիկ Պորստներից անդրադարձով հայտնվել է Ստյոպա Մկրտչյանի առջև, և հայ պաշտպանը տուգանային հրապարակի կենտրոնից ձախ ոտքի դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի կենտրոնը՝ 1:1:

Վերջին րոպեներին «Նյուրնբերգն» անգամ ավելի մոտ էր երկրորդ գոլին, սակայն հաշիվն այլևս չի փոխվել։

Ստյոպա Մկրտչյանի ցուցանիշներն այս խաղում ըստ Sofascore-ի

23-ամյա հայ պաշտպանը, ով «Նյուրնբերգ» է տեղափոխվել 2026 թ. փետրվարին 800 հազար եվրոյի դիմաց, խաղադաշտում անցկացրած 24 րոպեների ընթացքում աչքի է ընկել ոչ միայն խփած գոլով, այլև գրեթե անթերի փոխանցումներով և հուսալի խաղով.

Խաղաժամանակ՝ 24 րոպե (փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին)

Գոլ՝ 1 (79-րդ րոպե)
Գնդակին հպումներ՝ 22
Ճշգրիտ փոխանցումներ՝ 17/18 (94%)
Փոխանցումներ սեփական կիսադաշտում՝ 13/13 (100%)
Փոխանցումներ մրցակցի կիսադաշտում՝ 4/5 (80%)
Գնդակով առաջխաղացում՝ 11 անգամ (ընդհանուր 87.6 մետր, որից դեպի առաջ՝ 42.1 մետր)
Պաշտպանական գործողություններ՝ 1 տիրում, 1 գնդակի վերադարձ, 0 անգամ է շրջանցվել մրցակիցների կողմից
Ցամաքային մենապայքարներ՝ 3 (1 հաղթած)
Վաստակած խախտում՝ 1 (կանոնները խախտել է 2 անգամ)
Այս ոչ-ոքիից հետո «Նյուրնբերգը» վաստակել է 18 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Էներգի Կոտբուսը» 9 միավորով ընթանում է աղյուսակի միջնամասում։

Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:30-ին, «Նյուրնբերգը» սեփական «Մաքս-Մորլոկ» մարզադաշտում կընդունի «Կայզերսլաուտերնին»։

  • Կիսվել: