ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այն տարբերակով, որ նախագիծը բերել եք, ինքներդ էլ գիտեք՝ այս հիմնավորումներով այն չի ընդունվի. Թունյանը՝ ընդդիմադիրներին

Այն տարբերակով, որ նախագիծը բերել եք, ինքներդ էլ գիտեք՝ այս հիմնավորումներով այն չի ընդունվի. Թունյանը՝ ընդդիմադիրներին

«Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին՝ նկատելով՝ քիչ առաջ խորհրդարանում խոսում էին համայնքների անկախությունից, իսկ հիմա՝ համայնքներին պետական բյուջեից կախվածության մեջ գցելուց:

Նրա խոսքով՝ այդ ամեն ինչի մեջ ամենահետաքրքիր կետն այն է, որ եթե այդ գումարը այսպես թե այնպես պետք է ծախսվի, մեկ է՝ պետք է ծախսվի:

«Այսինքն՝ ավելի նպատակահարմա՞ր է, որ այդ գումարը գա պետբյուջե, պետբյուջեի միջոցով տարբեր գործիքներով գնա համայնքային բյուջե, թե՞ համայնքը սեփական միջոցներ ունենա ու կարողանա իր խնդիրները լուծել:

Որ ասում եք՝ եկեք առաջին ընթերցմամբ ընդունեք, հետո քննարկենք, պարո՛ն Մինասյան, մենք, ի տարբերություն ձեզ, նախագծերին բացասական եզրակացություն չենք տալիս մենակ նրա համար, որ հեղինակը դուք եք: Հիմա, եթե ձեր առաջարկը այնպիսին է լիներ, որ սա ընդունելու բան լիներ, հաստատ կքննարկեինք»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ այն տարբերակով, որը «Հայաստան» խմբակցությունը նախագիծը բերել է, ընդդիմադիր գործընկերներն էլ գիտեն՝ նախագիծը այս տեսքով, այս հիմնավորումներով չի ընդունվի:

«Ինչքան էլ փորձեք տպավորություն ստեղծել, որ դուք մտածում եք քաղաքացիների եկամուտների մասին, իսկ ձեզնից աջ նստած մարդիկ ամեն ինչ անում են, որ այդ մարդկանց սոցիալական վիճակը վատանա, այդպես չէ»,- նկատեց Թունյանը:

Նա կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով 2021 թվականից ներդրվող ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման բեռի աճի կասեցումն է 2026 թվականի հունվարի 1-ից:

  • Կիսվել: