Արմավիրում կարկտահարությունից վնաս կրած գյուղտնտեսություններն աջակցություն կստանան
Արմավիրի մարզում 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստում հայտարարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:
Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը, բացառությամբ կարտոֆիլի, գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը:
Հաշվետու տարում վերամշակող ձեռնակությունների կողմից մթերվել է 12464 տոննա գյուղմթերք` պտուղ-բանջարեղեն, որը 60%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Խաղողի մթերումն էլ կազմել է 82 հազար 352 տոննա, որը 30 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա մթերման ծավալը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, առաջիկա օրերին դրամական աջակցություն կցուցաբերվի կարկտահարությունից 50%-ից ավել վնաս կրած մարզի 18 համայնքի 1095 գյուղացիական տնտեսության: