հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Անցկացվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը (տեսանյութ)

Անցկացվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը (տեսանյութ)

Քանի դեռ գնահատում չի կատարվել, գուշակությունների դաշտում է, թե որքան կարժենա ՀԷՑ-ի, այսպես ասած, պետականացումը Հայաստանի պետբյուջեի համար։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին։
 
Խամոյանը, մասնավորապես, հարցրել էր. «Ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել, կարո՞ղ եք ասել, թե ՀՀ հպարտ քաղաքացիների համար որքան կարժենա այս ամբողջ գործընթացը» Նա հստակեցրել էր՝ «ամբողջ գործընթացի արժեք» ասելով՝ նկատի ունի նաև այն ծախսերը, որոնք առաջանալու են Հայաստանի Հանրապետության համար արբիտրաժային դատարանում, հիշեցրել, որ ՀԷՑ-ը վարկեր է վերցրել և՛ միջազգային բանկերից, և՛ ներպետական բանկերից և այլն։
Խուդաթյանն ի պատասխան նշել է. «Կա հստակ սահմանված գնահատման կարգ, քանի դեռ գույքի, պարտավորությունների գնահատում չի արվել և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»։
 
Արձագանքելով՝ Խամոյանը հավելել է, որ այս ամենը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ կատարվողը զուտ քաղաքական գործընթաց է և «քաղաքական կապրիզ»։
 
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։

  • Կիսվել: