երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել

Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել

Շիրակի մարզի Ամասիա և Ազատան բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար նոր տեխնիկա և սարքավորումներ են տրամադրվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում երկու բնակավայրերի շահառուներին տրամադրվել է 13-ական մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։
 
 
Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ:
 
Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, մարզպետարանի ներկայացուցիչներ ու համայնքների ղեկավարներ։

  • Կիսվել: