Աղքատության ցուցանիշը, գործազրկությունը նվազել է, միջին աշխատավարձը՝ աճել. Ֆինանսների նախարար
2025 թվականին գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով՝ կազմելով 12.8%, 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6% տոկոսով, վարձու աշխատողները՝ 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով: Թվային տվյալները ԱԺ նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցը։
Նա նշեց, որ 2021 թվականի համեմատ սպառողական գները աճել են շատ ավելի համեստ տեմպով՝ 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով:
2025 թ. միջին գնաճը գտնվել է թիրախային մակարդակի շուրջ և կազմել 3,3%։
Միջին աշխատավարձի աճը զուգորդվել է արտադրողականության բարձրացմամբ։
«Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում, 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում, ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.5%-ային կետով։
2021 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.9%-ային կետով»,- ասաց Հովհաննիսյանը։



