2026–ի երկրորդ եռամսյակում ՀՀ–ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը. ԿԲ–ն՝ հնարավոր սպասումների մասին
2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը մատնանշում է նաև տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների աճով։ Սա արտացոլվում է նաև համապատասխան ճյուղերում աշխատավարձերի աճի և գնաճի արագացմամբ։
Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճին շարունակում են զգալի նպաստում ունենալ նաև առաջարկի գործոնները: Մյուս կողմից՝ պահպանվում են մասնավոր աշխատավարձերի աճի և գնաճային սպասումների կայունացման միտումները։
Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրների հետևանքով ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերն ավելացել են՝ պարունակելով առավելապես գնանկումային ազդեցություններ։
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲն միջնաժամկետ հորիզոնում կպահպանի քաղաքականության տոկոսադրույքը 6.5% մակարդակում:
Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների առկայության և ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։
Մյուս կողմից՝ Խորհուրդը մատնանշել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների հետևանքով եկամուտների նվազման և գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:



