ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
2024-ը ամփոփ՝ Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի. Բեգոյան

2024-ը ամփոփ՝ Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի. Բեգոյան

Շաբաթ օրը Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում՝ Դավիթ Բեկի հարակից տարածքում, մոտ 6 հեկտարի վրա իրականացրինք ծառատնկման աշխատանքներ, տնկեցինք մոտ 1300 ծառ և 200 մշտադալար թուփ: Այդ տարածքում արդեն իսկ իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքներ, և տարածքն ամբողջությամբ ոռոգվում է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և խնդրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին մանրամասներ ներկայացնել առհասարակ ծառատունկի աշխատանքներից:

Այս տարվա 4 ամիսների ընթացքում, ըստ Բեգոյանի, ոռոգման համակարգերի անցկացման տեմպերը մոտենում են 10 կիլոմետրի, տարվա պլանը 25 կիլոմետրն է:

«Այս պահի դրությամբ 1300 ծառ նոր ուրբան անտառում է տեղադրվել: Մոտ 700 ծառ… այս շաբաթվա մեջ մի նոր անտառային գոտի ենք ստեղծում՝ պաշտպանիչ գոտի Երևանի մուտքերից մեկի մոտ, ինչպես խոստացել էինք, դա Աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհին հարող լանջերն են: Դրան գումարած՝ ունեցել ենք մի քանի հարյուր ծառի տունկ: Կարծում եմ՝ մինչև ամառ կունենանք մոտավորապես 3000-4000 ծառաթփատեսակների տունկ: Սրան գումարած՝ Երևան քաղաքը ձեռք է բերել մոտ 10 հազար մշտադալար թփեր, որոնք այս պահին լրացվում են Երևան քաղաքում:

Իրականացվել է նաև մշտադալար ասեղնատերևավորների ձմեռային տունկ, այսինքն՝ եղևնիներով և սոճիներով: Հաշվի առնելով այն, որ դրանք ավելի ցուրտ ժամանակահատվածում է նպատակահարմար տնկելը, դրանց մեծ տնկման աշխատանքներ են սպասվում նաև նոյեմբեր ամսին, որովհետև մենք գնումներով իրականացնում ենք դրանց ձեռքբերումը, ինչպես նաև մեր կողմից է աճեցվում»,- ասաց նա:

Բեգոյանը նաև տեղեկացրեց, որ տնկարանային տնտեսությունն է հիմնականում մատակարարում մշտադալար թփատեսակները: Շուրջ 40 հազարին հասնող բիոտաներ կան, որոնց շնորհիվ Ուլնեցու փողոցում և տարբեր փողոցներում իրականացվում են մշտադալար ծառաթփատեսակներով ձևավորման աշխատանքներ:

Այս տարվա մեծ աշխատանքներից, որ կավելանան, ըստ Բեգոյանի, Ավինյանի նշած 6 հեկտարի վրա նոր ուրբան անտառի հիմնումն էր՝ Աշտարակի մուտքի մոտ, 40-ամյակի այգու վերահիմնումը, «Ֆիզիկայի գառադոկ» կոչված հատվածում 1 հեկտարի հասնող նոր այգու հիմնումը, Դավիթաշենում՝ երկու դպրոցների արանքում, նոր այգու հիմնումը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների բոլոր այգիներում իրականացվում են ծառերի լրացման աշխատանքներ:

«2024 թվականը ամփոփ՝ Երևան քաղաքում 20 հազարից ավելի ծառ էր տնկվել: Արդեն մինչև մայիսի վերջ կարող ենք ասել, որ այդ թիվը կմոտենա 25 հազարին»,- ասաց նա:

Բեգոյանը նաև անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանում 35 հեկտարի վրա պլանավորվող ծառատունկին: Այն իրականացվելու է Կենդանաբանական այգուց և ավարտվելու է Գայի պողոտայում: Մինչ այս պահն այդ 35 հեկտարի վրա իրականացվել են զավթված հողերի և քոլիկանման շինությունների քանդման աշխատանքներ, դրանք կշարունակվեն նաև մեկ շաբաթից: Զուգահեռ խորքային ջրերի որոնման աշխատանքներ են կատարվում:

  • Կիսվել: