2018-2024 թթ. Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով. վարչապետ
Խորհրդարանը քննարկում է ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվականների՝ 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության աշխատանքի մասին, հայտարարեց՝ 2019 թվականից սկսել են թալանի գորդյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգի ձևավորումը, որն արվել է հետևողական ու սկզբունքորեն, այդ գործը շարունակվել է քովիդի համավարակի, պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայնորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում՝ զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով՝ 43,5 տոկոսով:
«Ուշադրություն դարձրեք, 2018-2024 թթ. Հայաստանի տնտեսությունն աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43,5 տոկոսով: Ինչպես վերը նշեցի, այս ողջ գործընթացին զուգահեռ, բյուջեին բերելով լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի անկախությունն ու կայունությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, ապահովելով և երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ:
Օրինակ՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող քաղաքացիներն անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից: Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ»,- հայտարարեց վարչապետը: