երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելուց խուսափելու դեպքերի մասին

Սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել. Պապիկյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելուց խուսափելու դեպքերի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ Հայաստանում զորակոչի հետ կապված մարտահրավերներին։

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ զորակոչը շարունակում է մնալ պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսել։ 

«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի վերջինս զինված ուժերում չծառայի։ Կարծում եմ, այս հանգամանքից ելնելով, պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին ու առաջին հերթին նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Այս հարցով դիմել եմ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը։ 

Նա շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել։

«Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,-եզրափակեց նախարարը։ 

 

  • Կիսվել: