««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովի մայիսի 15-ի արտահերթ նիստում քվեարկության դրվեց ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի ներկայացրած՝ ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկությամբ օրենքի նախագիծը՝ 59 «Կողմ», 0 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ: ԱԺ որոշմամբ այն կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն ՀՀ կառավարության համար, որը հնարավորություն կընձեռի ընդունել որոշում և պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում: