երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բաց հայտարարությամբ  հավաքագրել է առաջարկներ:

Նիստի ընթացքում քննարկվել են Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 15 ծրագրային նախագծերից հանձնաժողովը պետք է ընտրի և հաստատի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական միջոցառումների ցանկում:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ  Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հավաքագրված ծրագրային առաջարկները՝   դրանք դիտարկելու և քննարկելու նպատակով:

Հաշվի առնելով ծրագրային բազմազանության և միջոցառումների ապակենտրոնացման ապահովման սկզբունքը՝ քննարկվել են Մարկոս Գրիգորյանի կյանքին և գործունեությանը նվիրված հրատարակության, կրթական ծրագրերի, մասնաճյուղ-թանգարանի բացման, ցուցադրության, ֆիլմի ստեղծման, մայրաքաղաքից դուրս միջոցառումների իրականացման հնարավորությունները:

Նիստի ավարտին նախարարի տեղակալն առաջարկել է ներկայացնել բրենդավորման փաթեթը և հոբելյանական միջոցառումների առաջարկները էլեկտրոնային տարբերակով տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ դրանք հանգամանալից ուսումնասիրելու, այնուհետև առաջիկա նիստում ընտրելու և հաստատելու նպատակով:

  • Կիսվել: