Կարծում եմ, որ մինչև 2 մլն վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար
Աստիճանական բարձրացման գնացինք դրույքաչափերի, գործող տարակարգերի և ատեստավորման մեխանիզմներով, և արդյունքում աշխատավարձերի՝ մինչև 300 տոկոս աճ ունենք որոշ տարակարգերի պարագայում 2021 թվականի համեմատությամբ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը:
Գործում են նաև ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, և գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել: Սա նշանակում է, ըստ նախարարի, որ վարձատրությունը դեռ կարող է աճել արդյունավետ գիտնականների համար:
«Կարծում եմ, որ միլիոնից ավելի, մինչև 2 միլիոն վարձատրություն ստացող գիտնականներ ունենք, և ես համարում եմ՝ սա շատ կարևոր ձեռքբերում է, որ գիտությամբ զբաղվելը մեր երկրում դառնում է նաև վարձատրության իմաստով մրցունակ գործունեություն:
Ինչ վերաբերում է ոլորտի ֆինանսավորմանն ընդհանուր առմամբ, ապա 2024 թվականին հատկացվել է շուրջ 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 29,9 մլրդ դրամով. ոլորտում ֆինանսավորման շուրջ 280 տոկոսի աճ ունենք: Սա շատ մեծ աճ է, ուղղված է տարբեր ուղղություններով աշխատանքներին»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել:
Ըստ նախարարի՝ աշնանը քննարկման կներկայացվի գիտության զագացման հնգամյա հաջորդ փուլի ռազմավարությունը, այն այժմ մշակման փուլում է: