երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2025թ. հայտերի մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2025թ. հայտերի մրցույթ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» (ՀՀ ԳԱԱ մրցանակ) հայցման 2025թ. հայտերի մրցույթ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ 

ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում` 

· ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 

· քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 

· հասարակական և հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ՝ հիմնարար հետազոտություններ),

· բժշկագիտություն (մեկ անվանակարգ՝ կիրառական մշակումներ)։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար, իսկ կիրառական մշակումների դեպքում` վերջին 10 (տասը) տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։

ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների թիվը չպետք է գերազանցի 5 (հինգ)-ը։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Մրցանակները շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» և «ԼԻԿՎՈՐ» կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական և/կամ գիտակրթական և/կամ գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաև տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1 (մեկ) աշխատանք:

Հայտում կարող են ներկայացվել բացառապես այն արդյունքները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել կամ ապրանքայնացման տարբեր աստիճաններ են անցել հայտերի ներկայացման ժամկետին նախորդող 5 (հինգ) և 10 (տասը) տարիների ընթացքում` համապատասխանաբար հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների դեպքում։ Հայտը չպետք է պարունակի արդյունք(ներ), որի(որոնց) համար հեղինակ(ներ)ը կամ այլ անձինք արդեն ստացել են ՀՀ ԳԱԱ մրցանակ կամ այն(դրանք) վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում արժանացել է(են) ՀՀ որևէ այլ պարգևի (ՀՀ Նախագահի մրցանակ, ՀՀ պետական մրցանակ, ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակ և այլն)։

Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու`

· հիմնարար հետազոտությունների դեպքում` գիտական աշխատանքի կամ շարքի գիտական ազդեցությունը, արդիականությունը, նորույթը, գիտական նոր ուսումնասիրություններ կամ ուղղություններ խթանելու հնարավորությունը, տվյալ գիտական ուղղությունից դուրս ազդեցության մակարդակը, գիտական համագործակցությունը խթանելու աստիճանը, հեղինակների ներդրումը, աշխատանքի ընդհանուր նկարագիրը և այլն,

· կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում` գիտական ազդեցությունը, նորույթը, լաբորատոր, փորձնական նմուշների, արդյունաբերական կամ սերիական արտադրության առկայությունը, պետական պատվերով կատարումը կամ տեղական/միջազգային շուկաներում վաճառքը, հաստատված լաբորատոր կամ արտադրական գիտատեխնիկական փաստաթղթերը, արտոնագրերը, առկա պահանջարկը՝ համագործակցության կամ պայմանագրային արտադրության համաձայնագրեր, առքուվաճառքի պայմանագրեր և այլն: 

ՀՀ ԳԱԱ 2025թ. մրցանակի մրցույթին պետք է ներկայացվեն հիմնարար հետազոտությունների 2020-2025թթ. և կիրառական մշակումների 2015-2025թթ. ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2025թ. մայիսի 12-ից հուլիսի 11-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2025թ. նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը։

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

· դիմում-հայտ, իսկ համահեղինակության դեպքում` նաև մասնակցության համար համահեղինակների համաձայնությունը (լրացվում է առցանց («online») եղանակով),

· հեղինակ(ներ)ի անձնագր(եր)ի և սոցիալական քարտ(եր)ի պատճենները,

· հեղինակ(ներ)ի բանկային անձնական հաշվեհամար(ներ)ը,

· հեղինակ(ներ)ի կենսագրական տվյալները («resume/CV»), 

· աշխատանքը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,

հեղինակ(ներ)ի`

· վերջին 5 (հինգ) տարիների (2020-2025թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը՝ հիմնարար հետազոտությունների դեպքում,

· վերջին 10 (տասը) տարիների (2015-2025թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը և գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների ապրանքայնացման մակարդակը հիմնավորող փաստաթղթերը` արտոնագրեր, կանոնակարգեր, շուկայական պահանջարկը հիմնավորող փաստաթղթեր, իրացման պայմանագրեր և այլն` կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում,

· երեք երաշխավորագիր (կարծիք)` աշխատանքը մրցանակի արժանի լինելու վերաբերյալ` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից (նրանցից առնվազն մեկը պետք է լինի օտարերկրյա մասնագետ),

· մրցույթին ներկայացվող աշխատանքի ընդհանուր նկարագիրը` մինչև 5 (հինգ) էջի սահմաններում` հայերեն և անգլերեն,

· մրցույթին ներկայացվող աշխատանքը։

Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

· հայտատուն պետք է առցանց («online») լրացնի դիմում-հայտը (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել),

· հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները,

· փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]՝ նամակի «Subject» դաշտում նշելով մրցույթի անվանումը,

· եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից,

· առցանց («online») լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79 (1-99), 010 56-81-83 (1-36): 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2023թ. սեպտեմբերի 20-ի համար 9/1817 որոշմամբ։ Մրցանակի շնորհման կարգին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

 

  • Կիսվել: