ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում):

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ արվեստի ընդհանուր համայնապատկերը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա շեշտեց գիտության և գիտնականների նշանակալի դերը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի մեջ։ «Հայրենական Մեծ պատերազմը մեր ժողովրդի պատմության  տխուր, բայց կարևոր էջերից է։ 500000 հայ մասնակցել է պատերազմին, 68 հայ գեներալ ենք ունեցել։ Ցավոք, ունեցել ենք մեծ թվով զոհեր։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ոչ միայն  պատերազմի դաշտում, այլև թիկունքում՝ գիտության և տնտեսության մեջ, նշանակալի ներդրում է ունեցել, ինչն իր հերթին մեծ դեր է խաղացել հաղթանակի հասնելու գործում։ Հայաստանի տնտեսությունը ևս փոխադրվել է ռազմական ռելսերի վրա։ Այստեղ մեծ է եղել մեր գիտնականների դերը։ Օրինակ, անվանի հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն առաջարկել է պղտոր միջավայրերում լույսի ցրման նոր տեսությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել և խոցել ստորջրյա օբյեկտները։ Անշուշտ, մեծ է եղել նաև արվեստագետների, գրողների դերը», - ասաց Յուրի Սուվարյանը։  

«Թևավոր խոսք կա՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են։ Արդյոք այդպես էր Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ։ Ընդհակառակը, արվեստը, մասնավորապես երաժշտությունը, օգնել է մարդկանց ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի նոյեմբերի 10-ին, հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Մի քանի ամիս անց՝ 1944 թվականի գարնանը, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգում կազմակերպվեց Երաժշտության պատմության և տեսության սեկտորը, որի հիման վրա 1948 թվականին ստեղծվեց Արվեստների պատմության և տեսության բաժինը, որը հիմք հանդիսացավ 1958 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ստեղծման համար։ Այսպիսով, հայ ակադեմիական արվեստագիտությունը ծնվեց հենց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այդ դժվար տարիներին ստեղծվեցին հայ արվեստի գլուխգործոցներ», - իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց՝ գիտաժողովը հիշողության, հարգանքի և երախտագիտության դրսևորում է։ «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հասկանալու և քննարկելու արվեստի կարևոր դերն ամենադժվարին փորձությունների տարիներին։ Երբ ազգերը պայքարում էին գոյատևման համար, հենց մշակույթն էր, հենց արվեստն էր, որ դարձավ հոգևոր ուժի աղբյուր։ Նկարիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ՝ նրանք շարունակեցին ստեղծագործել, ոգեշնչել, աջակցել ժողովրդի մարտական ​​ոգուն և ամրապնդել նրանց հավատը հաղթանակի նկատմամբ։ Հայ մշակութային գործիչները մի կողմ չմնացին։ Նրանք գտնվում էին ռազմաճակատի մոտ, հիվանդանոցներում, գործարաններում և թատրոններում։ Նրանց աշխատանքները հեռարձակվում էին ռադիոյով, հրատարակվում ամսագրերում, ցուցադրվում թանգարաններում և նույնիսկ խրամատներում։ Նրանք ստեղծեցին ոչ միայն արվեստ, այլև պատմություն՝ կենդանի, իրական, լի ցավով և քաջությամբ», - ասաց Վադիմ Ֆեֆիլովը։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ բացահայտելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, անդրադառնալով հայ արվեստի անվանի գործիչների այդ տարիների ստեղծագործություններին։   

  • Կիսվել: