Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը:
Հանդիպման առանցքում Հայաստանի և «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը կարևոր իրադարձություն է, և այս առիթով միջազգային ճանաչում վայելող «Ասկոնաս Հոլտ» երաժշտական ընկերության արտիստների հետ համատեղ համերգի կազմակերպումը կարող է հաջողված համագործակցության սկիզբ հանդիսանալ:
«Ասկոնաս Հոլտ» երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեությունը, համագործակցային կապերը տարբեր երկրների հետ, ինչպես նաև խոսել երաժշտական ընկերության հայ արտիստների մասին:
Կողմերը քննարկել են նաև մասնագիտական հանրության համար համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման հնարավորությունները:
Նշենք, որ մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որով կմեկնարկի հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահար, «Ասկոնաս Հոլտ» ընկերության արտիստ Յուջա Վանգը. նա հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Յուջա Վանգի կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»):