ԼՂՀ ԿՖՄԿ-ի մանկապատանեկան մարզադպրոցի շենքային պայմանները խիստ անմխիթար վիճակում են գտնվում
«ԼՂՀ Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոն» հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի թենիսի միակ մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է մարզադպրոցի տնօրեն Էրիկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ մարզադահլիճը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է ենթարկվել 2009 թվականին։
«Շենքը կեսը գտնվում է հողի տակ։ Տեղումների ժամանակ հողի խոնավությունը փոխանցվում է պատերին, ինչի հետևանքով շենքային պայմաններն անմխիթար վիճակում են։ Մինչև 44-օրյա պատերազմը, ԿԳՄՍ նախարարի մարզադպրոց այցելելուց հետո, որոշվեց պետական միջոցներով կոսմետիկ վերանորոգում իրականացնել, սակայն պատերազմի հետևանքով այն չիրականացավ»,-ներկայացրել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ տարվա ցանկացած եղանակի շենքում խոնավ է, և օրական մի քանի անգամ տաքացուցիչով փորձում են փոքր-ինչ չեզոքացնել խոնավությունը:
Ըստ տնօրենի՝ մարզադպրոցը վերջին անգամ համապատասխան գույք ստացել է չորս տարի առաջ, որը ներկայում խոնավության պատճառով նույնպես ոչ բարվոք վիճակում է գտնվում։
Նրա խոսքով՝ մարզադպրոցում անց են կացվում պարապմունքներ՝ ուշու, ծանրամարտ, ըմբշամարտ, ֆուտբոլ, հանդբոլ, թեքվանդո և սեղանի թենիս մարզաձևերից: Մասնավորապես՝ վերջինիս մարզադահլիճը խիստ անմխիթար վիճակում է:
«Ամեն տարի այստեղ հանրապետական մակարդակով թենիսի մրցույթներ են կազմակերպվում: Այդուհանդերձ, նմանօրինակ պայմաններում մրցույթներ կազմակերպելը, կարծում եմ, գեղեցիկ չէ»,- նշել է Գալստյանը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ շենքային պայմանների պատճառով ծնողները հրաժարվել են երեխային թենիսի պարապմունքների բերել։
