Գերիների վերադարձի հարցը պետք է նախապայման լինի՝ խաղաղության պայմանագիրը կնքելու համար. Բեգլարյան
Բաքվում դատվում են հայերը, հատկապես Արցախի ժողովրդի իրավունքների, ազատությունների պայքարն է դատվում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, «Մեդիա կենտրոնում» «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, ալիևյան ռեժիմը փորձում է միակողմանի, ինչպես Արցախը բռնազավթեց, ստիպել իրենց բռնատիրական նարատիվները, որպես «հաղթող» մեկընդմիշտ փակել հակամարտության էջը իրենց «ճշմարտությամբ կամ արդարությամբ»՝ դատելով մեր ղեկավարներին, գերիներին զուտ նրա համար, որ հայ են, «համարձակվել են» պայքարել իրենց, մեր բոլորի իրավունքների ազատությունների համար։
Նա նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։
«Ադրբեջանի հետ բանակցություններում, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախագծի շուրջ այս հարցը պետք է հստակ դրված լինի։ Ավելին, սա պետք է լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիներն ազատ արձակվեն, ընդ որում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման՝ համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են և որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար, կամ՝ Հայաստանին մեղադրելու համար՝ ինչ-ինչ հանցագործությունների մեջ։
Բոլոր հնարավորությունները, մեխանիզմները մենք պետք է փորձենք։ Որոշները կարող են հաջողության հասնել, որոշները կարող են ադրբեջանական կողմից հստակ արգելքի արժանանալ, բայց, միևնույն է՝ դրա համար Ադրբեջանը ստիպված է լինելու գին վճարել, համապատասխան դիվանագիտական ռեսուրս ներդնել»։
Բեգլարյանի խոսքով, հստակ է Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չեն ուզում բախումային տրամադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջելիս, գերիների վերադարձը պահանջելիս և բազմաթիվ այլ պահանջներ, որոնք, ի դեպ, բխում են Հայաստանի դիմումի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի հրամանից»,-ասաց Բեգլարյանը։