Արցախբանկը պատասխանել է Նժդեհ Իսկանդարյանի հայտարարություններին
Վերջերս Նժդեհ Իսկանդարյան անունով անձը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկու տեսանյութ՝ ուղղված Արցախբանկի ղեկավարին: Չնայած նրան, որ այդ տեսանյութերի բովանդակությունը ցածրորակ և անլուրջ էր, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ դրանք տեղ են գտել մի շարք լրատվամիջոցներում, հարկ ենք համարում անդրադառնալ դրանց:
Առաջին հերթին ցանկանում ենք տեսանյութերին անդրադառնալ մասնագիտական տեսանկյունից: Բանկն ունի մոտ 200.000 հաճախորդ, և ցանկացած հաճախորդի համար գործում է հարցերի/խնդիրների բարձրացման և դրանց պատասխանների ստացման՝ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված մոտեցումներ, որոնք նույնն են բոլորի համար: Հետևապես, հարցերի առկայության դեպքում հաճախորդները կարող են սահմանված կարգով՝ գրավոր, դիմել Բանկին և ստանալ իրենց հուզող հարցերի պատշաճ պատասխանը: Եվ անհրաժեշտություն չկա որևէ հարցի պատասխան ստանալու համար հանդիպել Բանկի ղեկավարներին: Եթե հաճախորդին պատասխանը չի բավարարում ՀՀ օրենսդրությունը նախատեսում է համապատասխան ընթացակարգեր՝ հետագա քայլերը ձեռնարկելու համար: Փոխարենը տվյալ անձը ընտրել է զարտուղի ճանապարհ, փորձելով հանրությանը մոլորության մեջ գցելու միջոցով շահարկման առարկա հարցը տեղափոխել քաղաքական և անձնական դաշտ՝ դրանով իսկ ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, անտեսելով բարոյականության նորմերը և դրսևորելով տղամարդուն ոչ վայել պահվածք։
Միայն իր տեսանյութերում Բաքվի բանտում նստած մարդկանց անդրադառնալը, նրանց աչքերին նայելու հետ կապված անհիմն արտահայտությունը, վերոնշյալ անձանց՝ իր կողմից բարձրացված հարցի հետ որևէ առնչություն չունենալու հանգամանքը, արդեն իսկ մեծ զարմանք են առաջացնում և խոսում են հասարակությանը մոլորեցնելու շատ էժանագին փորձի մասին:
- Բանկի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ մեկ անգամ անդրադարձել ենք Արցախի որոշ պաշտոնյաների վարքագծին՝ կապված տարբեր շահարկումների հետ: Մասնավորապես, 2023 թվականին արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի որոշ պաշտոնյաների կողմից, կարծես, պատերազմ է հայտարարվել Բանկին ու Բանկի ղեկավարին՝ չհանդուրժելով այն փաստը, որ Բանկը պատվով հաղթահարել է իր առջև ծառացած խնդիրները, շարունակում է գործունեություն ծավալել և բռնել է զարգացման ուղին, գործում է օրենքի տարրին համապատասխան, արցախցիները չեն կորցրել ավանդներում, հաշիվներում ունեցած իրենց գումարները և շարունակում են բարեհաջող սպասարկվել:
Եթե նրանք անկեղծ մտահոգված են արցախցիների հոգսերով, ապա պետք է շնորհակալ լինեն Բանկի ղեկավարությանը դժվարին փորձությունները հաղթահարելու, դրանցից պատվով դուրս գալու և արցախցիների գումարները պահպանելու համար, որը, առաջին հերթին, հենց Բանկի գործադիր մարմնի առաքելությունն է: Եթե ոմանք կարծում են, որ իրենց առաքելությունը միայն բանկի շահույթը ստանալն ու այն բաշխելն է՝ «հերոս» հռչակվելու ակնկալիքով, առանց այդ շահույթի գոյացմանը մասնակցություն ունենալու և գոնե մեկ լումայի չափով ջանք ներդնելու, ապա դրա համար շատ ֿ«խելք» պետք չէ: Բայց այստեղ պետք է հիասթափեցնենք. եթե նույնիսկ համարել են, որ իրենք ունեն այդ շահույթը տիրապետելու լեգիտիմ իրավունք, ապա դրա վերաբերյալ որոշում կայացնողը Բանկի ղեկավարը չէ: Եթե այդ «լայվերի սիրահար» անձը օժտված լիներ ֆինանսական ոլորտում թեկուզև նվազագույն գիտելիքներով կամ դիմեր մասնագետի նշյալ հարցով կարծիք ստանալու համար, ապա տեղյակ կլիներ, որ Բանկի գործադիր մարմինը պատասխանատու չէ ոչ շահույթի բաշխման, և ոչ էլ Բանկի բաժնետերերի բաժնետոմսերի համար, այլ միայն իրականացնում է նշյալ գործընթացների իրավական ապահովումը: Այդ մասին բազմիցս ասվել է և անհասկանալի է, թե երբ է դա վերջապես տեղավորվելու որոշների ուղեղներում:
Ինչ վերաբերում է արցախցիներին օգնելու հարցին, ապա Բանկը մինչև 2023 թվականը և, մանավանդ, 2023 թվականից հետո մինչ այսօր ծանր սոցիալական վիճակում գտնվող արցախցիների, նրանց ընտանիքների համար բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացրել, ինչից քաջատեղյակ են ինչպես հասարակությունը, այնպես էլ նշյալ անձը: Ուստի անհասկանալի է վերջինիս ստախոսության պատճառը: Սակայն, այսքանով հանդերձ, ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Բանկի հիմնական օգնությունն արցախահայությանը կայանում է նրանում, որ Բանկը ամենադժվար իրավիճակում էլ պահպանել է իր հուսալիությունը և հաճախորդների գումարների անվտանգությունը:
Ինչ վերբերում է «անքուն գիշեր խոստանալուն» և այլոցներին քննադատելուն, և մի կողմ դնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարությունները կարող են հասցնել անգամ քրեական պատասխանատվության, հարց է առաջանում, թե արդյոք այդ անձը գիտակցում է իր անպատասխանատու հայտարությունների և բառերի լրջությունը և դրանց հետևանքները: Սա ևս վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ոչ հասուն և «դերի մեջ մտած» անձի հետ:
Չանդրադառնալով ելույթում տեղ գտած և տվյալ անձնավորության կողմից անձնավորված այլ անլուրջ և ցածրորակ դետալներին, հորդորում ենք զերծ մնալ ամպագորգոռ և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելուց, հերյուրանքներ տարածելուց և գործել ու խոսել հիմնվելով ստույգ փաստերի վրա: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր խղճի և օրենքի առաջ՝ և´ մինչև հունիսի 8-ը, և´ հունիսի 8-ից հետո:


