ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ամոթալի է այս թշնամական գործողություններին պաշտոնական Երևանի կողմից պատշաճ գնահատականի բացակայությունը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման մասին

Ամոթալի է այս թշնամական գործողություններին պաշտոնական Երևանի կողմից պատշաճ գնահատականի բացակայությունը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման մասին

Հաստատված տեղեկություններով՝ Ադրբեջանը օրերս ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Հովանու Մայր տաճարը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Հայկ Մարության։

«Միջազգային  մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերը անվերապահ պաշտպանություն են սահմանում մշակութային եւ կրոնական կառույցների նկատմամբ՝ անկախ տարածքի պատկանելությունից եւ/կամ այդ տարածքը փաստացի տնօրինող պետության ներքին կարգավորումներից։ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլեւ ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքը։ 

Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հայ եւ ադրբեջանցի հասարակությունների խաղաղության ձգտմանն արձագանքում է ատելության ու անհանդուրժողականության հերթական դրսեւորմամբ՝ հիմնահատակ ավերելով ու ոչնչացնելով Արցախի քրիտոնեական տաճարները եւ պղծելով տեղի բնիկ բնակչության սրբությունները։ 

Առավելեւս ամոթալի է այս թշնամական գործողություններին պաշտոնական Երեւանի կողմից պատշաճ գնահատականի բացակայությունը։ 

Վճռականորեն դատապարտելով իր տիրապետության տակ գտնվող քրիստոնեական ժառանգության դեմ Բաքվի ներկայիս իշխանության գործողությունները, կոչ ենք անում ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, մշակութային ժառանգության եւ մարդու իրավոըւնքների հարցերով զբաղվող միջազգային եւ եվրոպական կառույցներին՝ պատշաճ գնահատական տալ այս գործողություններին եւ գործուն քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից հայկական եւ քրիստոնեական ժառանգության դեմ հետագա ոտնձգություններըր կանխելու համար»,- գրել է նա։

  • Կիսվել: