Վահրամ Դումանյանի նախագահությամբ հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան
Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների և ուսանողների արդյունքների բարելավմանը:
Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի ՀՀ ողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների և դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ: Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը և մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաև սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների և ձեռնարկների պատրաստումը և տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:
Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական և միջազգային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը` օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի դպրոցականների և ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին և հավաքներին մասնակցությանը:
Նորաստեղծ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանվում է, որ իր առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, ՀՀ կամ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ կամ իրավաբանական անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին: Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում: