Ծանրամարտի ԵԱ. Արա Աղանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ տղամարդկանց 94 կգ քաշային Արա Աղանյանը, գրում է armsport.am-ը:
Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:
Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Այս քաշային կարգում անգերազանցելի էր բուլղարացի Կառլոս Նասարը: Օլիմպիական և աշխարհի կրկնակի չեմպիոնը, երկամարտում գրանցելով 386 կգ, իր հավաքածուն համալրեց Եվրոպայի առաջնության երրորդ ոսկե մեդալով: Լավագույնների շարքում տեղ գտավ նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեյն Իմադոխեն, որը 370 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, կանանց 86 կգ քաշայինների պայքարում հանդես կգան նաև Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը։


