Տասնյակում ընդգրկվելը կհամարվի լավ արդյունք. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության առաջին տասնյակում ընդգրկվելը լավ արդյունք կլինի Հայաստանի հավաքականի համար: Հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք այս մրցաշարին նվիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Նա հայտնեց, որ Հայաստանի հավաքականը ավելի քան մեկ ամիս առաջ է սկսել անմիջական նախապատրաստությունն այս պատասխանատու ստուգատեսին: Այդ ընթացքում հայ բասկետբոլիստներն անցկացրել են ստուգողական հանդիպումներ, որոնցում պարտվել են Ռուսաստանի (45:90) և Շվեյցարիայի (62:88) հասակակիցներին: Հուլիսի 9-ին հայ երիտասարդները փորձնական վերջին խաղը կանցկացնեն Վրաստանի հավաքականի հետ:
«Նման նախապատրաստական փուլ, կարող եմ ասել, որ երբեք չի եղել մեր բասկետբոլի պատմության ընթացքում: Շուրջ 1 ամիս հավաքականը NBA-ից ժամանած մասնագետ Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ լրջորեն մարզվում է: Հուսով ենք՝ տղաներն իրենց լավագույնս կդրսևորեն»,- նշեց Արթուր Նազարյանը:
Նա ընդգծեց, որ պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ հայրենի հավաքականից:
«Եթե մեր հավաքականին հաջողվի մտնել տասնյակ՝ դա կլինի շատ լավ արդյունք, որովհետև եվրոպական գոտում անչափ ուժեղ մրցակցություն է: Այս առաջնությունում չկան անցողիկ մրցակիցներ, որոնց կարելի է մատների արանքով նայել: Սրանք արդեն ազգային հավաքականներից գրեթե չտարբերվող թիմեր են, որոնցում ընդգրկված են ԱՄՆ-ում և եվրոպական ուժեղ ակումբներում հանդես եկող խաղացողներ: Այնպես որ, շատ հստակ է՝ եթե տասնյակ մտնենք, ապա դա կնշանակի, որ բավականին լավ ապագա ենք ունենալու»,- ընդգծեց ՀԲՖ գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ առաջնության հիմնական ֆավորիտներից են Լատվիայի, Թուրքիայի, Չեռնոգորիայի և Խորվաթիայի հավաքականները:
Նա նշեց նաև, որ այս թիմի տղաներն ապագայում կազմելու են Հայաստանի ազգային հավաքականի կորիզը: Ի դեպ, Հայաստանի գլխավոր թիմը նոյեմբերից մասնակցելու է եվրոպական ստուգատեսի ընտրական մրցաշարին:
Արթուր Նազարյանը նաև շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ առանց պետության աջակցության անհնար է անցկացնել նման մրցաշարեր: Նրա խոսքով՝ առաջնությունն ամբողջությամբ կազմակերպվել և անցկացվելու է պետական ֆինանսավորմամբ:
Սպասվում է, որ առաջնությանը ներկա են լինելու ՖԻԲԱ Եվրոպայի նախագահը և գլխավոր քարտուղարը:
Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու են 21 երկրների հավաքականներ: Հայաստանի ընտրանին B ենթախմբում մրցելու է Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հասակակիցների հետ: A ենթախմբում ընդգրկված են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C ենթախմբում են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի թիմերը: D ենթախմբում կմրցեն Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի բասկետբոլիստները: