երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող մեկնարկ են գրանցել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում։ 6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում։

Առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Բարբադոսի թիմին։ Հաղթանակներ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կանանց հավաքականը մեկնարկային տուրում 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Հոնկոնգի նկատմամբ։ Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը հաղթանակներ են գրանցել, իսկ Էլինա Դանիելյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

Երկրորդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Շոտլանդիային։ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ են տարել, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել։ Կանանց հավաքականն այս տուրում 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի նկատմամբ։ Հաղթանակներ են գրանցել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

Երրորդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տարել։ Տղամարդկանց թիմը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է Շվեդիային։ Հաղթական միավորը թիմին բերել է Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակել է հաղթական շարքը՝ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի նկատմամբ։ Շանթ Սարգսյանը հաղթել է Սանդրո Մարեկոյին և թիմին ապահովել հաղթական միավորը։ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ 4-րդ խաղափուլում կանանց ընտրանին զիջել է Ղազախստանին:

5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այս տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։

6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Այս տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Այսօր Օլիմպիադայում հանգստյան օր է: Սեպտեմբերի 23-ին կայանալիք 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ-ի, իսկ կանանց հավաքականը՝ Ադրբեջանի հավաքականի հետ:

Տղամարդկանց հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը, իսկ կանանց հավաքականինը՝ Զավեն Անդրիասյանը:

  • Կիսվել: