շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սա հայկական ֆուտբոլի պատմական հաջողությունն է. Զորան Գայիչ

Սա հայկական ֆուտբոլի պատմական հաջողությունն է. Զորան Գայիչ

«Փյունիկի» սերբ պաշտպան Զորան Գայիչը սերբական SportKlub.rs-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Դյուդելանժի» նկատմամբ տարած հաղթանակի և հաջորդ փուլում «Ցրվենա Զվեզդայի» հետ սպասվող դիմակայության մասին։

«Իսկապես դժվար էր, բայց հավատացեք, որ ես ընդհանրապես հոգնածություն չեմ զգում, դեռ լի եմ ադրենալինով։ Հավատում էի, որ կարող ենք պայքարել՝ չնայած երևանյան առաջին խաղում կրած պարտությանը, որն առաջինն էր մեզ համար ընթացիկ տարում։ «Դյուդելանժից» կրած պարտությունից հետո ԶԼՄ-ները մեզ նույնիսկ չդիմեցին, մենք լրիվ երկրորդ պլան էինք մղվել։ Մինչ մրցակցի գոլը մենք երկու հիանալի հնարավորություն ունեինք։ Հետո մեր սխալի հետևանքով գոլ բաց թողեցինք, սակայն արագ վերականգնեցինք հաշվի հավասարությունը։ Դրանից հետո ավելի հեշտ էր։ Մեծ նշանակություն ուներ նաև տրիբունաների աջակցությունը՝ մեզ համար անսովոր մեծ և որոշ չափով անսպասելի, թեև գիտեինք, որ մոտակա Ֆրանսիայում շատ հայեր են ապրում։ Սա հայկական ֆուտբոլի պատմական հաջողությունն է։ Այս երկրից ոչ մի թիմ երբևէ չի անցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը: Մենք հիմա գնում ենք Բելգրադ՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղալու։ Թիմում շատ ենք բալկանցիներս և շատ լավ գիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Կտեսնենք նաև, թե ինչ է սպասվում «Ցրվենա Զվեզդային» Երևանում։ Շատ բան կախված է առաջին խաղի ելքից։ Մեկնարկում է նաև Հայաստանի առաջնությունը։ Նախ պետք է մտածել այդ հանդիպման մասին, իսկ հիմա ամենակարևորն այս պահը վայելելն է»,- ասել է Գայիչը։

  • Կիսվել: