ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիաներից:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիային և մարզիկներին Երևանում անցկացված IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաջող ելույթների և արծաթե մեդալ նվաճելու առթիվ: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«15 տարվա դադարից հետո մեր հավաքականը հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային մրցաշարի և շատ լավ խաղ ցուցադրեց: Վստահ եմ՝ սա ոգևորելու է առաջ գնալ՝ նպաստելով մեր երկրում հոկեյի զարգացմանն ու հանրային ուշադրության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համատեղ աշխատանքը ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում նախարարը նշել է, որ 14 տարվա դադարից հետո այս տարի կազմակերպվել են նաև Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: «Սպորտի ռազմավարությամբ հստակ ամրագրված է, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և առանձին մարզաձևերի զարգացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամության համար: Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը երկու ուղղություն է առանձնացրել՝ զարգացման և մասսայականացման, ինչպես նաև բարձր նվաճումների: Խոսելով զարգացման ու մասսայականացման մասին՝ ֆեդերացիայի նախագահը կարևորել է համապատասխան մարզադպրոցների առկայությունը, որը արդյունքների ապահովմանը և մարզաձևի զարգացմանը նպաստող առաջնային նախադրյալն է:

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի փետրվարին Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է խաղերին պատշաճ նախապատրաստվելու և մասնակցելու հարցը՝ ընդգծելով պետության պատրաստակամությունն աջակցության և խրախուսման տեսանկյունից՝ համագործակցված աշխատանք իրականացնելով ֆեդերացիաների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են համապատասխան գույքի և մարզական հանդերձանքի ապահովմանը, մարզումային ենթակառուցվածքների զարգացմանը, ձմեռային մարզաձևերի մասսայականացման ու դպրոցականների շրջանում տարածման հեռանկարներին:

  • Կիսվել: