ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 15 օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդադարել են առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: Նա նաև հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին և կազմակերպիչներին` նշելով. «Կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական՝ 60-րդ առաջնության անցկացումը վստահվել է Հայաստանին, ինչը մեծ պատիվ է: Հերթական անգամ մեր երկիրը մարզական խոշոր միջոցառում կանցկացնի, որը կնպաստի աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ արևելյան մարտարվեստները բավական մեծ մասսայականություն են վայելում պատանիների շրջանում, և կարատե մարզաձևից խոշոր միջազգային մրցաշարի անցկացումը կնպաստի մարզաձևի առավել տարածմանն ու զարգացմանը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության նախապատրաստական աշխատանքները մեծ թափով են ընթանում. ամեն ինչ գրեթե պատրաստ է Եվրոպայի հոբելյանական առաջնության անցկացման համար:

«Մարզչական շտաբը ևս իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարում է»,- ասել է Վազգեն Հարությունյանը՝ հաջողություն մաղթելով մարզիկներին ու մարզիչներին:

Նա նաև նշել է՝ սա մեծ փորձառություն կլինի 2027 թվականին Հայաստանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանն ընդառաջ, որն իր ծավալով և մասնակիցների քանակով շուրջ երկու անգամ գերազանցելու է մեծահասակների առաջնությանը:

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

  • Կիսվել: