«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին
Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ): Նախորդ տարվանից սկսած մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով:
Եզրափակիչ փուլի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Նշված դրամական պարգևատրումներում հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցման նախորդ օրը՝ ապրիլի 26-ին, մրցաշարի մասնակիցները կհանգրվանեն Աղվերանում, որտեղ կկազմակերպվի ճամբար: