երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին. Եվրոպական ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին. Եվրոպական ֆեդերացիայի նախագահ

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին  Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսն ու Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: 

«Մենք շնորհակալ ենք Հայաստանի պատասխանատու նախարարությանը կարատեի Եվրոպայի այս առաջնության կազմակերպմանն աջակցելու համար:  Մեզ համար իսկապես գնահատելի է նաև Հայաստանի կատարեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի նվիրվածությունը մարզաձևին: Ուրախ եմ նաև այն հանգամանքի համար, որ մոտ երկու տարի անց մենք կրկին կլինենք Հայաստանում, քանի որ այստեղ կանցկացվի պատանեկան առաջնությունը: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի առաջարկը համապատասխանում էր Եվրոպայի առաջնությունն ընդունելու չափանիշներին»,-ասաց Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը: 

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն ընդգծեց, որ կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտված են: 

«Նախապատրաստական աշխատանքները սկսել էինք մեկ տարի առաջ: Հայաստանի հավաքականն էլ մեծ աշխատանք է կատարել մինչ այս մրցաշարը»,-ասաց Հարությունյանը:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է մեծ պատվով հյուրընկալելու կարատեի Եվրոպայի այս առաջնությունը:  

«Այս պահը հայկական սպորտի պատմությունում իսկապես պատմական է, քանի որ 60-րդ հոբելյանական մրցաշարը կանցկացվի մեր երկրում: Հյուրընկալել ենք 50 երկրի 1000 մարզիկների: Հայաստանի Հանրապետության ռազմավարությունում եղել ու մնում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու առաջնահերթությունը»,-ասաց նա: 

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մայիսի 7-11-ը:

 

  • Կիսվել: