Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Հուլիսի 29-ին տեղի ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր նախագահ: Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նախագահի միակ թեկնածուն եղել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, որը բաց քվեարկությամբ միաձայն ընտրվել է նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը: Արթուր Նազարյանը փոխարինեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ 20 տարի ՀԲՖ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ռոստոմյանին:
Առաջիկա անելիքների ցանկում Արթուր Նազարյանը շեշտադրել է պետության հետ գործակցության ամրապնդումը, Սփյուռքի հետ կապերը խորացնելու եւ ավելի բազմաշերտ դարձնելու պլանները, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ կապված նպատակները, պատանեկան բասկետբոլի և կանոնավոր առաջնությունների բարելավումը, ինչպես նաև բասկետբոլի Ա լիգայի զարգացումը:
«Առաջիկա չորս տարիներին մեր նպատակը պետք է լինի հայկական բասկետբոլը տեղափոխել բոլորովին նոր մակարդակ։ Դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ եթե շարունակենք աշխատել միասնական թիմով, լսենք միմյանց և կայացնենք երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ որոշումներ։ Վստահ եմ, որ միասին կարող ենք առաջիկա չորս տարիները դարձնել հայկական բասկետբոլի պատմության ամենահաջող շրջանը»,-ասել է Արթուր Նազարյանը:
Արթուր Նազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։
2012 թվականից նա FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։



