Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 20 տարեկանների ԵԱ-ում
Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Հայ ըմբիշը, առավելության հասնելով Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչների նկատմամբ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6։5 հաշվով առավելության է հասել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող, ռուսաստանցի Ադլան Սատիևի նկատմամբ՝ դառնալով ոսկե մեդալակիր:
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը 3:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և նվաճել է բրոնզե մեդալ:
Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել նաև 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Վլադիմիր Ազարյանը, 74 կգ Արայիկ Այվազյանը, 79 կգ Նարեկ Նիկողոսյանը, 92 կգ Նարեկ Իկիլիկյանը, 97 կգ Հրաչիկ Մկրտչյանը, 125 կգ Հենրիկ Հայկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Գասպար Տերտերյանը (72 կգ) Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե, իսկ Սամվել Տերտերյանը (77 կգ)՝ բրոնզե մեդալակիր: