երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Գյումրիում շարունակվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի կառուցման աշխատանքները

Գյումրիում շարունակվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի կառուցման աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում շարունակվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները, ծրագրի արժեքը 6 միլիարդ 436 միլիոն 350 հազար դրամ է: Շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: 2023 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 296 միլիոն 551 հազար դրամ գումար: 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 534 միլիոն 688 հազար դրամ գումար:

«Հարկ եմ համարում նշել, որ սխալ նախագծման հետևանքով  3-րդ մասնաշենքի ծածկի քանդման անհրաժեշտություն է առաջացել: Պետության կրած վնասը կփոխհատուցի նախագծող կազմակերպությունը: Նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ»,- նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Էմիլ Պետրոսյանը:

Անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերին, պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ չնախատեսված աշխատանքերի պատճառով ևս մեկ տարի երկարաձգվել են Ամասիա համայնքի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները՝ ծրագրի արժեքը 748 միլիոն 541 հազար դրամ, որոնք նախատեսված էին ավարտել 2024 թվականին: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին:

Հաջորդ տարի նախատեսվում է նաև ավարտին հասցնել «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները, ծրագրի արժեքը շուրջ 717 միլիոն 631 հազար դրամ է: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին:

Ավարտված է «Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցումը՝ ծրագրի արժեքը 733 միլիոն 250 հազար դրամ: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: 

Էմիլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս աշխատանքերն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ: 

Սրան զուգահեռ մարզում շինարարական աշխատանքներ իրականացվում են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: 

 

  • Կիսվել: