ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գառնիկ Չոլակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գառնիկ Չոլակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը 275 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ (124+151), գրում է sport.news.am-ը:

Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցումը ձախողեց, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 123 կգ: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 124 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրված 129 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Չոլակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Չոլակյանը մեկնարկեց 151 կգ, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 151 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրված 153 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում գրավեց 4-րդ տեղը:

22-ամյա գյումրեցի ծանրորդը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեմպիոն է: 2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանն երկամարտում 7-րդն էր: Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր: Գրիգորյանը կանանց 55 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք (85+117):

  • Կիսվել: